Search
Close this search box.

Արա Բաբլոյանը բաց նամակով դիմել է Ալիևին

Առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևինին։

«Բաց նամակ Իլհամ Ալիեւին

Ես թույլ եմ տալիս ինձ գրել այս բաց նամակը` հաշվի առնելով մի քանի հանգամանք. որպես մանկական վիրաբույժ ես վիրահատել եւ փրկել եմ հազարավոր երեխաների, նրանց մեջ և հարյուրավոր ադրբեջանցի երեխաների կյանքեր, երբ մենք բոլորս նույն երկրի քաղաքացիներ էինք, որպես ՀՀ Առողջապահության նախարար` արել եմ հնարավոր ամեն ինչ` մեր տարածաշրջանում, այդ թվում` Ադրբեջանում կարմրուկի բռնկումը կանխարգելելու համար` առաջարկելով Ադրբեջանի Առողջապահության նախարարին կարմրուկի պատվաստանյութի անհրաժեշտ խմբաքանակ, որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ ես հանդես եմ եկել հայտարարությամբ` նշելով, որ ինձ համար անընդունելի է 18-20 տարեկան երիտասարդների զոհվելը թե’ հայկական և թե’ ադբեջանական կողմից` միայն այն պատճառով, որ մենք չենք կարողանում խաղաղ քաղաքական ճանապարհով հարցերին լուծումներ տալ:

Այս նամակով ես Ձեզ ցանկանում եմ հիշեցնել Ձեր խոստումի մասին և ասել, որ Դուք պարտավոր եք պահել այն` թե՛ որպես երկրի նախագահ և թե՛ որպես տղամարդ:

Դուք պայման էիք դրել Լեռնային Ղարաբաղի հայերի առջև, որ վայր դնեն զենքն ու լուծարեն պետական կառույցները` փոխարենը խոստանալով համաներում բոլորի համար, ինչը ոգևորված ողջունել էին աշխարհի առաջատար մի շարք պետությունների ղեկավարներ: Եվ հիմա, երբ մարդիկ վայր են դրել զենքը` կանխելով երկկողմանի բազմաթիվ նոր զոհեր, Լեռնային Ղարաբաղի նախագահը հրամանագրով հայտարարել է պետության լուծարումը, Լեռնային Ղարաբաղից դուրս է եկել մոտ 100.000 հայ բնակիչ և շուտով այդ հողատարածքը կհանձնվի ձեզ, Դուք, ցավալիորեն, չեք հայտատարում համաներում:

Ես հույս ունեմ, որ իմ այս նամակը Ձեր մեջ կարթնացնի արժանապատվություն, և որպես խոստում տված նախագահ` կհայտարարեք համաներում հիմա, առանց նախապայմանների և ոչ թե ավելի ուշ` գերերարումների նոր դեպքերից, նոր նսեմացումներից հետո:

Արա Բաբլոյան

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

29.09.2023

Երևան, Հայաստան»,- նշվում է Բաբլոյանի նամակում։

Please enter a valid URL