Search
Close this search box.

Արտակարգ իրավիճակ․ Շուշի-Լաչին ավտոճանապարհին բենզատար է հրդեհվել․կրակը տարածվել է ճամփեզրին կայանված հայերին պատկանող մեքենաների վրա

Շուշի-Լաչին ավտոճանապարհին շրջվել և հրդեհվել է ռուս խաղաղապահներին պատկանող բենզատարը, հայտնել է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը: Նշում է, որ արդյունքում կրակը տարածվել է ճամփեզրին կայանված հայերին պատկանող մեքենաների վրա։

Հավելել են, որ Ադրբեջանցի հրշեջները մարել են կրակը։ Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներում զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ պայթյուն է տեղի ունեցել Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին։ Ավելի ուշ ԱՀ ՆԳՆ-ն մանրամասներ էր հայտնել տեղի ունեցած պայթյունից։

Զոհերի և վիրավորների թիվն անընդհատ փոփոխվում է, կան անհետ կորածներ։ Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում տեղի ունեցավ Եվլախում։

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սեպտեմբերի 21-ին ավելի ուշ պաշտոնական Ստեփանակերտը հայտարարեց, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր:

Please enter a valid URL