Search
Close this search box.

Շատ արցախցիներ արդեն գիշերում են մեքենաներում․ Աբրահամյան

Հայաստանի կառավարությունը հայտարարում էր, թե նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում` Արցախից էթնիկ զտումների ենթարկվող մեր հայրենակիցների տեղավորման և սոցիալական հարցերի կարգավորման համար, սակայն ինչպես շատերս ենք մեր մաշկի վրա զգում, որևէ լուրջ աշխատանք չկա: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Գոնե այս պահին խիստ սահմանափակ է այն բնակավայրերի թիվը, որտեղ մարդկանց կեցության առաջարկ է արվում` շեշտը դրվում է հիմնականում սահմանամերձ համայնքների վրա: Երևանում կամ շրջակա մարզերում, գոնե այս փուլում, մարդկանց տեղավորելու որևէ լուրջ գործընթաց չկա:

Կան համայնքներ, որտեղ տեղական մակարդակում փորձում են լուծումներ գտնել, բայց դա էլ կենտրոնական իշխանության` անհրաժեշտ աջակցության բացակայության պայմանններում, բավական բարդ է:

Մի մասն էլ մի կերպ` դժվարությամբ, տեղավորվում է ընկերների, բարեկամների կամ պարզապես սրտացավ մարդկանց շնորհիվ, այն էլ խիստ բարդություններով:

Շատ արցախցիներ արդեն գիշերում են մեքենաներում, որովհետև ովքեր էլ փորձում են բնակարան վարձակալել կամ չեն գտնում կամ գների կտրուկ բարձրացման պայմաններում պարզապես չեն կարողանում: Սա այն դեպքում, երբ Արցախից մեր հայրենակիցների դեռ կեսն է Հայաստանում:

Հայաստանյան իշխանությունն ամեն ինչ անում է, որ մարդկանց մի մասը հնարավորություն չգտնելով ստիպված թողնի ու երկրից հեռանա»,- գրել է պատգամավորը:

Հիշեցնենք՝ այսօր ժամը 08:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 65036 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։

Please enter a valid URL