Search
Close this search box.

Դեռ պետք է հասկանալ, թե թուրքերը «որտեղ են մեզ քցում»․Փաշինյանը երեք ժամանոց փակ հանդիպում է ունեցել ՔՊ-ականների հետ

Տեւական ընդմիջումից հետո երեկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները վերջապես հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ եւ ավելի քան երեք ժամանոց քննարկում ունեցել։ Ուշագրավ է, որ հանդիպման մասին պատգամավորներին «ծանուցել» են հանդիպումից հինգ պակաս, որպեսզի խուսափեն հնարավոր արտահոսքերից եւ դրանցից բխող հետեւանքներից։ Նիկոլ Փաշինյանը երեկոյան 7-ի սահմաններում է գնացել խորհրդարան, ՔՊ-ական մեծամասնությունը, որոնց օրեր առաջ հրահանգել էին մնալ Երեւանում, գրեթե մեկ մարդու պես ներկայացել է հավաքին, հատուկ զգուշացվել է՝ մամուլում արտահոսք չլինի: Այդուհանդերձ, մեզ հաջողվեց որոշ մանրամասներ պարզել։ 

Նիկոլ Փաշինյանն Արցախում կատարվածի մասին խոսել է պոստ ֆակտում՝ ասելով, թե պետական գերատեսչություններին հանձնարարել է՝ հնարավորինս արագ եւ սահուն կազմակերպել արցախցիների ոչ միայն վերաբնակեցումը, այլեւ նրանց աշխատանքով ապահովելու հարցերը՝ շեշտելով, որ որոշում է կայացվել ոչ մի դեպքում նրանց Երեւանում չբնակեցնեն։ Հասկանալի է, թե ինչու:

Իր տպավորությունների մասին է կիսվել, որ ռուսները կփորձեն Արցախում որոշ թվով մարդկանց պահել, որպեսզի շարունակեն իրենց գործունեությունը, իմիջիայլոց արձանագրել է, որ դա արդեն Հայաստանի խնդիրը չէ, թող Ադրբեջանի հետ ռուսներն իրենց հարցերը լուծեն։ Ապա երկար խոսել է հոկտեմբերի 5-ի հանդիպման մասին․ հայտնի է, որ այդ օրը Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք Եվրոպական Միության գագաթնաժողովում նախատեսված է Փաշինյան-Ալիեւ հանդիպում, որին մասնակցելու են ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: Թիմակիցներին, կարելի է ասել, աչքալուսանք է տվել, որ այլեւս մոտ ենք այնքան սպասված «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը, եւ հոկտեմբերի 5-ի հանդիպումով պետք է այդ փաստաթղթի ստորագրման հիմքերը դրվեն:

Ըստ ամենայնի, Գրանադայում կընդունվի հայտարարություն, որով կետ առ կետ կարձանագրվի քայլերի հաջորդականությունը՝ դելիմիտացիա, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում եւ այլն։ Նիկոլ Փաշինյանը գրեթե բաց տեքստով հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանին դուրս է մղում տարածաշրջանից, եւ հոկտեմբերի 5-ի հանդիպումով եւս կհայտարարվի գործընթացի փաստական մեկնարկը։ Փաշինյանը բացատրել է, որ Արցախի կորստից հետո այլեւս առոչինչ է դառնում նաեւ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ռուսական կողմի դերակատարումն այդպիսով ավարտվում է։ 

Մենք երեկ գրել էինք, որ Գրանադայի հանդիպման օրակարգի առանցքում լինելու է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի չեղարկումը՝ այդպիսով Ռուսաստանին զրկելով Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցության ուղիները վերահսկելու հնարավորությունից։ Իսկ 9-րդ կետով նախատեսվում էր․ «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի միջեւ համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարությունը»:

Եվ չնայած Ռուսաստանին Հայաստանից դուրս մղելու քաղաքական գծի որդեգրմանը, Փաշինյանը թիմակիցներին հորդորել է պահպանել առավել զգուշավորություն եւ սառնասրտություն՝ խուսափել Ռուսաստանի դեմ ուղիղ հայտարարություններից, որոնք կարող են անդառնալի հետեւանքների հանգեցնել իրենց իշխանության համար: Փաշինյանի կարծիքով՝ այդ մասին ԶԼՄ-ներով ու ֆեյք էջերով կարելի է խոսել, բայց ոչ ուղիղ։ Փաստենք, որ վերջին օրերին ՔՊ-ականները, մեկը մյուսին հերթ չտալով, խոսում էին Հայաստանի դեմ իրականացվող հիբրիդային պատերազմի մասին՝ ուղղակիորեն կամ անուղղակի կերպով մեղադրելով Ռուսաստանի Դաշնությանը։ ՀԱՊԿ-ից դուրս գալու, Հայաստանի որոշ սահմանամերձ հատվածներում ռուս խաղաղապահ զորակազմի հետագա ճակատագրի մասին հարցեր են հնչել, սակայն Փաշինյանը հակված չի եղել դրանք օրակարգ մտցնելուն, մոտավորապես հասկացրել է, որ այդ մասին պետք չէ բարձրաձայն խոսել, առանց այն էլ իշխանությունն իր գործն անում է, պետք չէ ավելորդ լարվածության պայմաններում անել։ Ընդգծել է, որ Հռոմի ստատուտը եւս պետք է վավերացնել, խորհուրդ է տվել այդ մասին իր հայտարարությունները նայել, որոնք արվել են վերջին օրերին, եւ ելույթներ ունենալիս մնալ այդ գծի շրջանակներում։ Իր հնարավոր հրաժարականի մասին աշխատել է հնարավորինս քննարկում չծավալել, հակառակը՝ բավականին  ինքնավստահ է պահել իրեն, երբեմն հումորներ արել՝ թիմին հանգստացնելու եւ ինքնավստահություն ներշնչելու նպատակով։ 

Հետաքրքրվել են Էրդողանի վերջին հայտարարության մասին՝ եթե Հայաստանը չհամաձայնի, ապա միջանցքը կանցնի Իրանով․ Փաշինյանը թիմակիցներին հորդորել է շատ չուրախանալ, առավել եւս՝ հալած յուղի տեղ չընդունել այդ հայտարարությունը, մանավանդ, որ այդ պարագայում կնշանակի, որ Հայաստանը կրկին շարունակելու է շրջափակված ապրել, բացի այդ` դեռ պետք է հասկանալ, թե թուրքերը «որտեղ են մեզ քցում»: Այս համատեքստում ՔՊ-ականները կարծում են, որ, այնուամենայնիվ, միջանցքի հարցն օրակարգում է, եւ չեն բացառում, որ լուծվի ռազմական ճանապարհով։

Please enter a valid URL