Search
Close this search box.

«Մայր Հայաստան» դաշինքը իր քվեն կտա Հայկ Մարությանին

«Մայր Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ

Հարգելի՛ հայրենակիցներ,

«Մայր Հայաստան» դաշինքը Երևանի ավագանու ընտրությունը դիտարկել է որպես Հայաստանում ամբողջական իշխանափոխության հնարավորություն և մեկնարկային քայլ: Այսինքն՝ մենք ոչ թե զուտ քաղաքապետի պաշտոնի հարց ենք դրել, այլ ընտրությունները համարել ենք միջոց Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը փոխելու համար:

Մենք համոզված ենք, որ մեր երկրի անվտանգության, անկախության, տարածքային ամբողջականության ապահովման թիվ մեկ խնդիրը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է և նոր ազգային իշխանություն ձևավորելը:

Երևանի ավագանու ընտրության արդյունքները ցույց տվեցին, որ «Քաղաքացիական պայմանագիրը» փոքրամասնություն է և չունի մայրաքաղաքում իշխանություն ձևավորելու մանդատ:

Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով «Մայր Հայաստանին» քվե տված քաղաքացիներին՝ մենք հիմք ենք ընդունում նաև այն ընտրողների կամքը, որոնք ոչ իշխանական այլ ուժերին քվե տալով՝ կողմ են արտահայտվել իշխանափոխությանը:

Ելնելով վերը նշվածից՝ վերահաստատում ենք նախկինում հնչեցրած մեր դիրքորոշումը՝ «Քաղաքացիական պայմանագրին» Երևանում իշխանազրկման համար պատրաստ ենք աջակցել քաղաքապետի այն թեկնածուին, որը կհայտարարի, որ կիսում է Հայաստանում ամբողջական իշխանափոխություն իրականացնելու մեր դիրքորոշումը:

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը որպես քաղաքապետի թեկնածու է առաջադրել Հայկ Մարությանին, ով հրապարակավ ընդունել է «Մայր Հայաստանի» դիրքորոշումն ամբողջական իշխանափոխության անհրաժեշտության մասին:

Եթե ոչ իշխանական դաշտում հաստատվի կոնսենսուս, ապա «Մայր Հայաստան» դաշինքն իր մանդատներով կնպաստի Երևանում «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկման գործընթացին և կօգնի ոչ իշխանական դաշտից նոր քաղաքապետի նշանակմանը՝ իր քվեն տալով «Ազգային առաջընթացի» ներկայացրած քաղաքապետի թեկնածուին՝ Հայկ Մարությանին:

«Մայր Հայաստան» դաշինք

Երևան, 27.09.2023թ.

Please enter a valid URL