Search
Close this search box.

Արցախում մայրը սպասում է, թե երբ իր 2 երեխաների աճյունները ՀՀ կտեղափոխեն. BBC–ն զրուցել է փրկվածների հետ

BBC հեռուստաալիքը ձեռք է բերել ականատեսների վկայություններ Լեռնային Ղարաբաղի Սառնաղբյուր գյուղի ռմբակոծության մասին, որի հետևանքով զոհվել է երեք երեխա և երկու տարեց, փոխանցում է News.am–ը։

Ադրբեջանը պնդում է, որ ռմբակոծությունն իրականացվել է միայն «օրինական ռազմական թիրախների վրա», սակայն BBC-ն կարողացել է զրուցել մի հայ կնոջ հետ, ով կորցրել է երկու մանկահասակ որդիներին և ծանր վիրավորվել «անկանոն հարձակման» ժամանակ։

Սառնաղբյուրը գյուղ է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում։ Այն շրջապատված է անտառով և գտնվում է կարևոր ռազմական օբյեկտներից հեռու, ընդգծում է հեռուստաալիքը։

Զարինե Ղազարյանը գտնվում էր մոտակա Ասկերան քաղաքում, երբ սեպտեմբերի 19-ին սկսվեց հարձակումը։ Նա փորձում էր գտնել մանկական կաթնախառնուրդ՝ կրտսեր որդուն՝ Կարենին կերակրելու համար: Ինը ամիս շրջափակումը հանգեցրել էր սննդի, վառելիքի և ջեռուցման պակասի:

Պայթյունները լսելուց հետո նա փորձել է տուն վերադառնալ, սակայն, նրա խոսքով, նրան կանգնեցրել են ուժեղ հրետակոծությունները։

Կնոջը հայտնել են, որ ծանր վիրավորվել է որդին՝ Սեյրանը, ով տեղափոխվել է Ստեփանակերտի հիվանդանոց։ Եվս երեք երեխա է տարհանվել ռուս խաղաղապահների կողմից։ Բայց երբ հիվանդանոց է հասել, իմացել է, որ ռմբակոծության հետևանքով մահացել են որդիներից երկուսը՝ 8–ամյա Միքայելը և 10–ամյա Նվերը։

Զարինեն հեռուստաալիքի լրագրողներին ասել է, որ իրեն թույլ են տվել տեսնել իր երկու որդիների մարմինները, որոնք գլխի լուրջ վնասվածքներ են ստացել։

«Գյուղից 15-ամյա Արմանը երեխաների հետ է եղել, երբ ուժեղ կրակի տակ են հայտնվել։ «Նրանք սկսեցին ռմբակոծել ամենուր։ Ինչ-որ մեկը սպանվեց, մեկը վիրավորվեց, ես տեսա մարդկանց, որոնց գլուխները կտրվել էին: Սարսափելի էր»,- պատկել է կինը:

Արմանն ասաց, որ իր մոտ երեք արկ է պայթել. «Մենք երեխաներին թաքցրեցինք ծառերի տակ, որպեսզի փախչենք ապահով տեղ, և հենց այդ ժամանակ երեխաները ռմբակոծվեցին», — նշել է նա», — գրում էBBC հեռուստաալիքը:

Տեղի իշխանությունների տվյալներով՝ այդ օրը եւս երեք մարդ է մահացել։ Գյուղապետ Գարիկ Ալեքսանյանը կորցրել է որդուն՝ Դավիթին, հորը՝ Ալեքսանդրին և զոքանչին՝ Գոհարին։ Որդու վնասվածքների մասին նրա նկարագրությունը չափազանց պատկերավոր է կրկնվելու համար։

Եվս 15 գյուղացիներ վիրավորվել են, հայտնել են իշխանությունները: Շատ ուրիշներ ստիպված են եղել լքել իրենց տները։

Նրանք միացել են հազարավոր այլ էթնիկ հայերի, որոնք ստիպված էին լքել իրենց տները հարձակման պատճառով: Նրանցից շատերը փորձել են հասնել Ստեփանակերտ կամ ռուս խաղաղապահները տարել են տեղի օդանավակայանի բազա։ Շատերը հույս ունեին, որ իրենց կտեղափոխեն Հայաստան, բայց փոխարենը հայտնվել են թռիչքուղու վրա:

Զարինեն ցանկանում է որդիների մարմինները տանել Հայաստան՝ հուղարկավորելու, բայց Ղարաբաղից ինքնաթիռներում նստատեղերը օգտագործվում են վիրավորներին տարհանելու համար, իսկ ճանապարհով մեկնելու հերթը հասնում է տասնյակ կիլոմետրերի։ Այդ իսկ պատճառով նա և իր ընտանիքը դեռ սպասում են, ընդգծում է BBC-ն։

Please enter a valid URL