Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում բուժում է ստանում Արցախում բենզինի պահեստի պայթունից այրվածք ստացած 86 քաղաքացի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասսել է Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը։
«Բոլորն իդենտիֆիկացված են, նրանց անուն-ազգանունները գիտենք։ Ցավոք սրտի, մեծ մասը ծանր վիճակում են, կան նաև ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 20-ից ավելի հիվանդներ։ Վերակենդանացման բաժանմունքը մաքսիմալ ծանրաբեռնված է»,– նշել է Հովհաննիսյանը։
Անդրադառնալով մասնագիտական ռեսուրսներին` նա ընդգծել է` բուժաշխատողների խնդիր այս պահին չունեն, կան նաև կամավորներ, որոնք օգնում են միջին բուժանձնակազմի, բուժքույրական կամ սանիտարական աշխատանքներ անելու առումով։ Կենտրոնում նաև աշխատում են արտերկրից ժամանած բժիշկներ, որոնք հայ գործընկերների հետ հավասար անում են ամեն հնարավոր բան` բուժառուների շուտափույթ ապաքինման համար։
«Այս պահին հիվանդների հոսքը սահմանափակել ենք, որովհետև ֆիզիկապես չենք հասցնում։ Ունենք միջին ծանրության վիճակում գտնվող բուժառուներ, որոնց արդեն կարողանում ենք տեղափոխել մաշկային բժիշկների մոտ։ Այսպիսով, այրվածքաբանների մոտ հնարավորություն է ստեղծվում արդեն այլ հիվանդների ընդունելու։ Այս պահին նաև սպասում ենք մեր հիվանդների՝ 5-7-րդ օրերի ընթացքում իրավիճակի փոփոխության։ Այդ շրջանում նրանց վիճակը կարող է կտրուկ վատանալ, և այս պահին մենք պատրաստ ենք դրան»,– ասել է Հովհաննիսյանը։
Նա շեշտել է` շատերի մոտ այրվածքները դեմքի շրջանում են, մի մասի մոտ էլ վերջույթների այրվածքներ են` գրեթե բոլորի ձեռքերը։ Բժիշկն ընդգծեց` դեպքեր կան, որ այրվածքների մակերեսն ավելի փոքր է, բայց ախտահարումը խորն է, և այս պարագայում վիրահատական միջամտություններ են անհրաժեշտ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ ուժեղ պայթյուն, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ մահացան։ Հաստատված մահերի թիվը 68 է: 21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ: Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ը տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ։