Արցախի Հանրապետությունում վառելիքի պահեստում պայթյունից զոհվածների 125 աճյուն է տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն։ Ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այսօր մենք կարողացել ենք աճյունների տեղափոխման հարցը լուծել։ Հաջորդիվ կսկսվեն նաև նույնականացման աշխատանքները։ 125 աճյուն է տեղափոխվել Հայաստան` դատաբժշկական փորձագիտական կենտրոններ։ Մյուս տվյալներն էլ հաջորդիվ կներկայացնենք»,– ասաց Ավանեսյանը։
Հիշեցնենք` Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Սոցիալական ցանցերում տեսանյութեր էին հայտնվել, որտեղ երևում էր հզոր պայթյունը։ Նշվում էր, որ 100 տոննա տարողությամբ ցիստեռն է պայթել։
Ականատեսների խոսքով` ավելի քան 100 մարդ է ողջ–ողջ այրվել, ըստ պաշտոնական տվյալների՝ 20 մարդ է մահացել, 290–ը` վնասվածքներ ստացել։