ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմը այսօր՝ սեպտեմբերի 26–ին, Գորիս այցի ժամանակ ուղիղ պատասխան չտվեց NEWS.am–ի լրագրողի հարցին, թե ինչու Վաշինգտոնը պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացրած ռազմական ագրեսիայի համար։
«Սենատում վերջին քննարկումների ժամանակ Դուք ասացիք, որ ԱՄՆ-ն չի հանդուրժի որևէ հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա։ Սակայն Ձեր հայտարարությունից օրեր անց Ադրբեջանը հարձակվեց և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միայնակ մնաց Ադրբեջանի ագրեսիայի դեմ։ Ինչո՞ւ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ»,– հարցրել է NEWS.am–ի լրագրողը ։
Ի պատասխան, Յուրի Քիմն ասել է. «Այս հարցում ԱՄՆ դիրքորոշումը շատ հստակ է, և մենք շարունակելու ենք անել հնարավոր ամեն բան, որպեսզի հոգ տանենք մարդկանց, նրանց անմիջական կարիքների մասին։ Եվ հենց այդ նպատակով ենք այստեղ ես և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրենը»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանտա Փաուերը նախօրեին են ժամանել Հայաստան։ Այսօր նրանք ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի, ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ հանդիպել են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ։ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, որը ուղեկցում ամերիկցի հյուրերին, լրագրողներին ասել է, որ Սամանտա Փաուերի այցի հիմնական նպատակը Սյունիք՝ հումանիտար օգնությունն է եւ փորձել այս իրավիճակի լուծումները գտնել տեղում: «Նա նաեւ իր աչքերով է ուզում տեսնել, թե ինչ է կատարվում, որ զեկուցի ԱՄՆ նախագահին»,- ասել է Պարույր Հովհաննիսյանը։