ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմն ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանտա Փաուերը Գորիսում են։ Ինչպես տեղից փոխանցում է Sputnik Արմենիայի թղթակիցը, նրանք ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի, ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ հանդիպում են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ։
Ամերիկացի պաշտոնյաների հետ զրույցում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է Գորիսում տիրող իրավիճակը։
«Ունենում ենք իրավիճակներ, որ, օրինակ, ավտոբուսը, որում միայն երեխաներ են, Լաչինի միջանցքում է, այստեղից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու, երեխաներ կան, որ թթվածնի կարիք ունեն կամ այլ խնդիրներ, բայց մենք չենք կարող նրանց հասնել»,– նշեց Ղուկասյանը։
Նա հավելեց, որ ավելի շատ Արցախից գալիս են կանայք և երեխաներ։ Իրավիճակը ծանր է, քանի որ Գորիս հասած մարդկանցից շատերը չգիտեն, թե որտեղ են նրանց ընտանիքի մյուս անդամները։
«Դա ավելի է բարդացնում մեր աշխատանքը, քանի որ մենք այդ մարդկանց չենք կարող Գորիսից այլ վայր տեղափոխել, նրանք չեն համաձայնում գնալ, քանի դեռ տեղեկություն չունեն հարազատների մասին, ուզում են մնալ ու սպասել նրանցից լուրի։ Ասում են` կսպասեմ ամուսնուս կամ երեխաներիս, նման հազարավոր ծանր պատմություններ ունենք»,– ասաց Սյունիքի մարզպետը։
Երբեմն էլ մարդիկ հասնում են, բայց իրենց իրերն այլ տեղում են` բեռնատար մեքենաների մեջ, որոնք անհայտ է` երբ տեղ կհասնեն։
«Մարդիկ գալիս են հաճախ միայն մեկ պայուսակով։ Նրանք ստիպված են եղել վազել` փրկվելու համար»,– նշեց մարզպետ Ղուկասյանը։