Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիան: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Այնտեղից նրանք կտեղափոխվեն մայրաքաղաքի բժշկական կենտրոններ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Վերջին տվյալով, ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» ԲՄ, Իվանյանի բուժական կետ և ռուս խաղաղապահների բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։
Նրանց հիմնական մասը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։
Ցավոք սրտի, 7 հիվանդի կյանք հնարավոր չէր փրկել և նրանք մահացել են հիվանդանոցում։
Պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։
Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։