ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլերն այսօր ճեպազրույցի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին՝ կապված Լեռնային Ղարաբաղից Հայաստան մարդկանց զանգվածային տեղահանման, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի ու Մոսկվա-Երևան դիվանագիտական ընդհարման մասին:
Ինչպես փոխանցում է «Ամերիկայի Ձայն»-ը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում առկա իրադրությանը՝ Միլերն ընդգծել է, որ ԱՄՆ-ին մտահոգում է ստեղծված իրավիճակը: Նա մատնանշեց Վաշինգտոնի առաջնահերթությունները՝ նշելով՝ առաջինը, որ պահպանվի այն զինադադարը, որն այժմ գործում է, և որ հետագայում չլինեն ռազմական գործողություններ։
Երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքները պետք է բավարարված լինեն, և երրորդն այն է, որ Ադրբեջանը և Հայաստանը հասնեն կայուն խաղաղության համաձայնագրին՝ կապված տեղում հումանիտար իրավիճակի հետ: Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայկական բնակչությունը պետք է կարողանա ապրել հանգիստ իր տներում խաղաղության և արժանապատվության մեջ, իրենց իրավունքները և անվտանգությունը պետք է հարգված լինեն, եթե նրանք որոշեն ապրել այնտեղ: Նրանք, ովքեր ցանկանում են հեռանալ կամ վերադառնալ, պետք է կարող լինեն անվտանգ անել դա չեզոք անկախ երրորդ կողմի վերահսկողության ներքո:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում խաղաղ բնակիչների անվտանգության և բոլորի նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի համար, այդ թվում՝ ռազմական գործողություններում մասնակցություն ունեցած կասկածվողների:
Պատասխանելով Լեռնային Ղարաբաղում միջազգային մոնիտորինգի մասին հարցին՝ Պետդեպի ներկայացուցիչն ընդգծել է. «Մենք հավատացած ենք, որ պետք է լինի միջազգային առաքելություն՝ թափանցիկության և վստահության մեջ Լեռնային Ղարաբաղի բնակչությանն ու միջազգային հանրությանը հավաստիացնելու համար և, վստահ լինելու համար, որ իրենց իրավունքները և անվտանգությունը պաշտպանված են՝ Ադրբեջանի կողմից արված հրապարակային հայտարարություններին համապատասխան»։
Նրա խոսքով, այս ուղղությամբ ընթանում են ակտիվ քննարկումներ:
«Մենք որոշ ժամանակ կոչ ենք արել նման առաքելության ստեղծման մասին, և աշխատում ենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ այն ապահովելու համար»,- ասել է Միլերը:
Խոսելով Երևանի ու Մոսկվայի միջև լարված հարաբերությունների ու ՌԴ-ի կողմից Հայաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքների մասին՝ կապված Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Պրահայում ճանաչելու հետ՝ Միլերը շեշտել է՝ Ռուսաստանը չի կարող դիտվել որպես վստահելի միջազգային գործընկեր: Նա ընդգծում է՝ քանի որ հարցը վերաբերում է այլ երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքին, ապա Ռուսաստանն իր գործողություններով ապացուցել է, որ չի հարգում այդ սկզբունքը:
Միլերը կարևորել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն խաղաղության համաձայնագրին։ Դա մի բան է, որով մենք առաջնորդվում ենք, ասել է մամլո խոսնակը՝ նշելով, որ, ըստ Վաշինգտոնի, համաձայնությունը հնարավոր է իրականություն դառձնել, եթե երկու կողմերն էլ պատրաստ լինեն գնալ բարդ փոխզիջումների:
«Ակնհայտ է, որ մենք դրան ականատես չէինք վերջին մի քանի ամիսների ընթացքում: Նկատենք, որ նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը հայտարարել են, որ հաջորդ շաբաթ հանդիպելու են։ Մենք կարծում ենք, որ կարևոր է, որ նրանք հանդիպեն և ի վերջո մոտեցնեն երկու երկրների միջև եղած տարաձայնությունները»,- ասել է նա։
Պաշտոնյան նաև վերահաստատել է Միացյալ Նահանգների ու անձամբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի շարունակական հանձնառությունը և ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին՝ նկատելով, որ պետքարտուղարը կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ: «Բացի այդ, USAID ղեկավար Փաուերը և պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Քիմն այսօր տարածաշրջանում եք: Կարծում եմ, որ դժվար է կասկածի տակ առնել մեր հանձնառության խորությունը, երբ տեսնում եք դիվանագիտական ներգրավվածության ամենաբարձր մակարդակը, որը մենք ապահովել ենք վերջին շաբաթվա ընթացքում»:
Մանրամասնելով Փաուերի ու Քիմի Հայաստան կատարած այցի մասին՝ Մեթյու Միլերը շեշտել է, որ «նրանք այնտեղ են, որպեսզի վերահաստատեն մեր [ԱՄՆ] աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը և, իհարկե, օգնեն լուծել հումանիտար կարիքները, որոնք առաջ են եկել Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած բռնությունների հետևանքով: