Search
Close this search box.

Լեռնային Ղարաբաղում պետք է լինի միջազգային ներկայություն. ԱՄՆ ՄԶԳ տնօրեն

Լեռնային Ղարաբաղում պետք է միջազգային ներկայություն լինի՝ գնահատելու, թե արդյոք Ադրբեջանը կատարում է իր հանձնառությունները: Այս մասին հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում հրավիրված ասուլիսում:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին, որ պահպանի հրադադարը և կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ պաշտպանելու քաղաքացիական անձանց իրավունքները Լեռնային Ղարաբաղում: Նախագահ Ալիևը խոստացել է երաշխավորել էթնիկ հայերի իրավունքները, Ադրբեջանը պետք է կատարի այդ խոստումը»,-ասաց Փաուերը:

ԱՄՆ ՄԶԳ տնօրենը շատ կարևորեց, որ աշխարհը կարողանա ստուգել, համոզվել, որ Ադրբեջանն իր խոստումը կատարում է: «Բոլոր կողմերը պետք է թույլ տան, որ միջազգային հումանիտար գնահատում և հումանիտար ներկայություն լինի, որ տեսնեն, թե արդյոք Ադրբեջանը կատարում է իր հանձնառությունները, և այդ կառույցները կարողանան հաշվետվություն ներկայացնել միջազգային հանրությանը»,-ասաց Փաուերը:

Նա շեշտեց՝ Ադրբեջանը պետք է լիարժեք և մշտապես բացի Լաչինի միջանցքը ուղևորափոխադրումների, կոմերցիոն փոխադրումների և հումանիտար փոխադրումների համար: Իսկ ԼՂ բնակիչներին պաշտպանելու վերաբերյալ խոստումները սին կլինեն, քանի դեռ քաղաքացիական անձինք չեն կարող ազատ գնալ ու գալ, երբ դեղորայքի և սննդի պաշարները չեն կարողանում հասնել բնակավայրեր: «Եվ այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին է ԱՄՆ ՄԶԳ-ն, պետք է մուտք ունենան, որ առաջին անհրաժեշտության հումանիտար օգնություն ցուցաբերեն»,-շեշտեց Փաուերը:

Please enter a valid URL