ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2023 թվականի սեպտեմբերի 24-ի ուղերձը պարունակում է «անընդունելի հարձակումներ Ռուսաստանի դեմ և չի կարող այլ բան չառաջացնել, բացի մերժումից»։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Փորձ է արվում ազատվել ներքին և արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունից՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա։ Նիկոլ Փաշինյանի վերջին սենտենցիաները (բարոյախրատական ասույթներ-խմբ) հաստատում են մեր ավելի վաղ եզրակացությունները, որ Արևմուտքից ներշնչված և պաշտոնական Երևանի կողմից հրահրված գործընթացները, մեր իսկ երկրի և մեր դաշնակցային հարաբերությունների համար կործանարար գործընթացները ոչ թե էպիզոդիկ, այլ համակարգային են։
Կառավարության ղեկավարը, փաստորեն, խոստովանել է, որ այս ամբողջ ընթացքում հանրապետությունը միտումնավոր պատրաստվում էր Ռուսաստանից շրջվելու։ Նրանց քայլերը, որոնք կոչված են ստեղծելու Հայաստանի զարգացման նոր՝ արևմտյան վեկտոր, անհամոզիչ կերպով արդարացվում են Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի ենթադրյալ սխալներով։ Միևնույն ժամանակ մոռացվում է, որ մեր պետությունները մեծ մասամբ ունեն նման շահեր անվտանգության և զարգացման հարցերում, և Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի այլ երկրներ նպատակ են դրել ոչ միայն ռազմավարական վնաս հասցնել Ռուսաստանին, այլև ապակայունացնել մեր ընդհանուր Եվրասիական տարածքը:
Ռուսաստանը միշտ հավատարիմ է եղել իր դաշնակցային պարտավորություններին, հարգել է հայկական պետականությունը և երբեք հանրապետությանը չի կանգնեցրել ընտրության առաջ՝ մեզ հետ, թե մեր դեմ։ Մոսկվան մեծամասշտաբ օգնություն է ցուցաբերել և շարունակում է ցուցաբերել եղբայրական Հայաստանին անվտանգության, տնտեսության և մշակույթի ոլորտներում։ 2020 թվականի աշնանը Ռուսաստանի Դաշնության և անձամբ նախագահ Վ.Վ.Պուտինի ջանքերով հնարավոր դարձավ կանխել Հայաստանի լիակատար պարտությունը։ Եթե Ն.Վ.Փաշինյանը շաբաթներ առաջ համաձայնվեր զինադադարի, ապա կորուստն ավելի քիչ կլիներ:
Վերջապես, ռուս խաղաղապահների անձնուրաց գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, երբեմն սեփական կյանքի գնով, ուղղակիորեն հաստատում է Ռուսաստանի շարունակական հանձնառությունը կատարելու իր չափազանց դժվար առաքելությունը՝ ի շահ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև խաղաղության հասնելու, որոնց մասին Փաշինյանը նախընտրեց լռել:
Մեր երկիրը, չնայած հանրապետությունում ռուսական ընկերությունների համար արհեստական դժվարություններ ստեղծելու մասին ավելի ու ավելի հաճախակի հնչող ազդակներին, անշեղորեն վարում է Հայաստանի հետ տնտեսական և ներդրումային կապերի աճի կուրս ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Այսօր դրանք ցուցադրում են ռեկորդային դինամիկա՝ նպաստելով Հայաստանի տնտեսության տպավորիչ աճին և քաղաքացիների բարեկեցությանը։
Ռուսաստանը վճռականորեն հանդես է գալիս Հայաստանի հետ ընդհանուր մշակութային և կրթական տարածքի ամրապնդման օգտին՝ չնայած Հայաստանի առանձին ներկայացուցիչների՝ հումանիտար ոլորտում փոխշահավետ նախագծերի առաջընթացը դանդաղեցնելու փորձերին։
Տարածաշրջանային հարցերում Փաշինյանը՝ 2020 թվականի նոյեմբերից Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ջենթլմենական համաձայնությունը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ապագա սերունդներին թողնելու փոխարեն, ենթարկվեց Արևմուտքի հորդորներին։ Պրահայում և Բրյուսելում նա որոշեց գործել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա՝ ճանաչելով Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Սա հիմնովին փոխեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման պայմանները, ինչպես նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դիրքորոշումը։ Հայաստանի ղեկավարության անհեռատեսության պատճառով հնարավոր չեղավ կյանքի կոչել Հայաստանի անվտանգության ամրապնդման ոլորտում մի շարք պայմանավորվածություններ, մասնավորապես՝ Փաշինյանը չստորագրեց վեց երկրների բոլոր արտգործնախարարների կողմից արդեն համաձայնեցված որոշումը. ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստանի՝ Ադրբեջանին սահմանակից շրջաններ։
Իրավիճակը թեժացավ նաև պաշտոնական Երևանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ԼՂ-ում հայկական զինված ուժերի շարունակական ներկայության ժխտմամբ, ինչը դարձավ վերջին սեպտեմբերյան էսկալացիայի հիմնական պատճառներից մեկը։
Սեպտեմբերի 20-ին ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը հայկական մնացած ստորաբաժանումները դուրս բերելու և «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը» ծանր տեխնիկայի և սպառազինության դուրսբերմամբ ամբողջությամբ զինաթափելու վերաբերյալ բացահայտեց իրական պատկերը և կայուն դեէսկալացիայի նախադրյալներ ստեղծեց:
Հիմնականում Հայաստանի ղեկավարության անհետևողական դիրքորոշման հետևանքով, որը նախընտրում էր Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ռիթմիկ աշխատանքի փոխարեն խույս տալ և վազել դեպի Արևմուտք, 2020-2022 թվականների համար ամենաբարձր մակարդակով մի շարք եռակողմ համաձայնագրերի իրագործումը կանգ է առել։ Կորսվեց թանկարժեք ժամանակ, որի ընթացքում կարելի էր զգալի առաջընթաց գրանցել խաղաղության պայմանագրի համաձայնեցման, սահմանազատման և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման առումով, ինչը կդառնային Հայաստանի համար անվտանգության լրացուցիչ գործոններ։
Հատկանշական է նաև, որ Եվրամիության հովանու ներքո անցկացված վերոհիշյալ Պրահայի և Բրյուսելի հանդիպումներում Հայաստանի վարչապետը, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չի հիշել ղարաբաղցի հայերի իրավունքներն ու անվտանգությունը։ Նույնիսկ այսօր մենք պաշտոնական Երևանի կողմից չենք տեսնում որևէ լուրջ շահագրգռվածություն՝ օգնելու լուծել ԼՂ-ում հրատապ խնդիրները. մենք խոսում ենք հրադադարի պահպանման, հումանիտար իրավիճակի բարելավման և Բաքվի և Ստեփանակերտի միջև կայուն երկխոսության հաստատման համար բարենպաստ պայմանների ստեղծման մասին։
Փաշինյանի թիմի այս անպատասխանատու մոտեցումը հասկանալի դժգոհություն առաջացրեց հայ հասարակության մի մասի մոտ, որն արտահայտվեց ժողովրդական բողոքի ցույցերով։ Իհարկե, պնդումները, թե նրանց ոգեշնչել է Ռուսաստանը, իրականության հետ կապ չունեն։ Հայաստանի կառավարության ղեկավարը պետք է քաջ գիտակցի, որ Մոսկվան նման բաներով չի զբաղվում, ի տարբերություն Արևմուտքի, որը բավականին հմուտ է «գունավոր հեղափոխություններ» կազմակերպելու գործում, բայց տարօրինակ պատահականությամբ նախընտրեց չնկատել ցուցարարների հետապնդման բազմաթիվ փաստերը Երևանի իշխանությունների կողմից:
Միաժամանակ, ինչպես հայտնի է, ԱՄՆ դեսպանը սերտ կապեր է պահպանում իշխանության հետ։ Այս ֆոնին, ակնհայտորեն իշխանությունների դրդմամբ, հայաստանյան մամուլում ծավալվել է իսկական հակառուսական վակխանալիա։
Համոզված ենք, որ Երևանի ղեկավարությունը մեծ սխալ է թույլ տալիս՝ միտումնավոր փորձելով քանդել Հայաստանի և Ռուսաստանի բազմաբնույթ ու դարավոր կապերը և երկիրը դարձնելով Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի պատանդը։ Վստահ ենք, որ դա գիտակցում է նաև Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը»։