Արցախում տեղյակ չեն, թե Ադրբեջանի անվտանգության ծառայությունը ում է ձերբակալել՝ սեպտեմբերի 19-ին «դիվերսիա» իրականացնելու կասկածանքով։
Արցախի ներքին գործերի նախարարության խոսնակ Հունան Թադևոսյանն «Ազատության» հետ զրույցում նշել է, որ տեղյակ չեն, թե ում են ձերբակալել ադրբեջանցիները, իրենք էլ են ադրբեջանական լրատվականներից այդ մասին տեղեկացել։
Ինչպես հայտնում է կայքը՝ Բաքուն առայժմ անունները չի հրապարակել, լուսանկարներ՝ նույնպես։
Թադևոսյանի խոսքով՝ կան բազմաթիվ անհետ կորածներ, հետևաբար դժվար է ասել, արդյոք ձերբակալվածները նրանց թվում են, թե ոչ։
Հունան Թադևոսյանի փոխանցմամբ, Ներքին գործերի նախարարությանը կից բացվել է օպերատիվ շտաբ, որտեղ համակարգվում են որոնողափրկարարական աշխատանքները։
«Այս պահին բոլորը շրջաններից տարահանվում են», — լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Թադևոսյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտոնական Բաքուն այսօր տեղեկացրել է, թե սեպտեմբերի 19-20-ը իրականացրած այսպես կոչված «հակահաբեկչական միջոցառումների» շրջանակներում զինաթափվել և ձերբակալվել են անձինք, ովքեր կասկածվում են «ահաբեկչական գործողություններ» կատարելու, այդ թվում՝ սեպտեմբերի 19-ին պայթյունների հետևանքով զոհված ադրբեջանցի 2 քաղաքացիական անձանցաց և 4 ոստիկանների մահվան մեջ։