Արցախում կան դիրքեր, որտեղ ամբողջ անձնակազմը զոհվել է։ Այսօր կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշել է, որ վերջին 9 ամիսներին Ադրբեջանն Արցախի հանդեպ վարում էր հյուծող քաղաքականություն, որի նպատակն էր կոտրել արցախցիների դիմադրողականությունը վերջին փուլում ռազմական գործողություններ իրականացնելու համար, և դա տեղի էր ունենում ՀՀ իշխանությունների լռության, որոշ դեպքերում էլ` արտոնման պայմաններում։
«Արցախցիները, որքան հնարավոր էր, առաջնագծի` իրենց վստահված հատվածը պահեցին։ Չկա մի մարտական դիրք, որը լքած զինծառայող լինի, բոլոր ուղղություններով մարտեր են մղվել»,– ընդգծել է Աբրահամյանը։
Նրա խոսքով` թեպետ արցախցիները կատաղի դիմադրություն են ցույց տվել, բայց ուժերի անհավասարությունն ակնհայտ էր` մի կողմից Ադրբեջանին բոլոր հնարավորություններով աջակցում էր Թուրքիան, մյուս կողմից էլ Արցախն արդեն 9 ամիս շրջափակման մեջ էր, անհրաժեշտ բոլոր պարագաների սուր դեֆիցիտ կար։ Այս պայմաններում Արցախը երկար դիմադրել չէր կարող։
«Հայաստանի իշխանությունները պասիվ կեցվածք դրսևորեցին, անգամ հայտարարեցին, որ որևէ պարագայում չեն միջամտելու։ Դա ևս Ադրբեջանի համար արտոնում էր մարտական գործողություններն ամենածանր կերպով շարունակելու համար»,– ասել է Աբրահամյանը։
Ըստ պատգամավորի` դա էր նաև պատճառը, որ մարտական գործողությունների ժամանակ Ադրբեջանը կիրառեց իր զինանոցի բոլոր միջոցները` հեռահար ճշգրիտ հրթիռային համակարգերից մինչև ռազմական ավիացիա և այլն։
Այս իրավիճակում արցախցիները փակուղու առաջ էին հայտնվել։ Աբրահամյանը շեշտել է` նրանց` հայրենիքից դուրս գալն ադրբեջանական ագրեսիայի, միջազգային իրավունքի վախճանի ու Հայաստանի իշխանությունների հանցավոր անտարբերության հետևանքն է։
Խոսելով, թե ինչ երաշխիքներ ունի Հայաստանն այսօր, որ նոր հարձակում արդեն Սյունիքի ուղղությամբ չի լինելու, Աբրահամյանը նշել է` այն պատրանքները, որ ուներ Հայաստանն այս հարցում, թե միջազգայնորեն ճանաչված պետության վրա հարձակում չի լինի, հօդս են ցնդել 2020-ից հետո։
Ադրբեջանը չի խորշում ցանկացած ուղղությամբ ռազմական ագրեսիա ձեռնարկելուց։ Աբրահամյանը նաև ուշադրություն հրավիրեց թուրքական մամուլում բավականին հաճախ հայտնվող հրապարակումներին` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին այն շեշտադրումով, որ այդ հարցը պետք է ցանկացած գնով լուծել։
«Դա իր մեջ սպառնալիք ու շանտաժ է պարունակում, որովհետև եթե խոսքը ռազմական գործողությունների մասին չէ, այսինքն` ուժի միջոցով այդ միջանցքին հասնելու մասին չէ, ապա ակնհայտ է, որ բանակցային գործընթացում Թուրքիան և Ադրբեջանը փորձում են շանտաժների գնով հասնել իրենց համար ցանկալի արդյունքի»,– ասել է Աբրահամյանը։
Պատգամավորը հավելել է` այսօր երկրում անցկացվող այս ակցիաների նպատակը միայն Արցախի հարցը չէ, այլև Հայաստանի անվտանգությունն է, իսկ Արցախը Հայաստանի զրահաբաճկոնն էր, որն այլևս չկա։ Նա շեշտեց` Թուրքիայի և Ադրբեջանի ամբողջ կենտրոնացումը սրանից հետո լինելու է Հայաստանի ուղղությամբ։