Search
Close this search box.

Բերման է ենթարկվել պատգամավոր Թադևոս Ավետիսյանը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանը բերման է ենթարկվել։ Այս մասին հայտնում են Ազգային կոմիտեից։

«Իրավական ամենաթողություն. Էրեբունու ոստիկանական բաժին բերման է ենթարկվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը», — նշված է Ազգային կեմիտեի տարածած հայտարարության մեջ։

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաները։ Փակվել են, մասնավորապես, Սարյան, Թումանյան, Մոսկովյան, Աբովյան, Ռուբինյանց փողոցները, Կոմիտաս–Գյուլբենկյան խաչմերուկը։ Կարմիրբերետավորներն արդեն սկսել են բերման ենթարկել քաղաքացիներին։

Նշենք, որ Հանրապետության հրապարակում ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։

Երևանի տարբեր բուհերի ուսանողներ միացել են ակցիային և կոչ են անում բոլոր վարորդներին թողնել մեքենաներն ու միանալ իրենց։ Բոլորն ընդգծում են, որ Արցախում այսօր ցեղասպանություն է և պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել։ Ցուցարարները վանկարկում են՝ «Արցախ», «միացեք»։

Երևանի Հանրապետության հրապարակ բազմաթիվ ոստիկանական ուժեր են բերվել, իրավապահները շղթա կազմած կանգնած են կառավարության շենքի դիմաց։

ՀՀ առաջին վարչապետ, Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը երեկ Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ երեք օր շարունակ վաղ առավոտից մինչև երեկո Հայաստանը պարալիզացվելու է։

Please enter a valid URL