ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց, այս մասին հաղորդում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Երևանի Առաջին ատյանի դատարանը` դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, բավարարեց քննիչի ներկայացրած միջնորդությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեւոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Հավելենք, որ ավելի վաղ Լևոն Քոչարյանի փաստաբանական խումբը հայտարարել էր, որ հետ է վերցնում նրա ձերբակալման դեմ ներկայացրած բողոքը, քանի որ այն պետք է քններ դատավոր Մասիս Մելքոնյանը։
Փաստաբանները հայտնել են, որ դատավոր Մելքոնյանը 3 ամիս առաջ եղել է «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ, բազմիցս արել է քաղաքական հայտարարություններ, որոնք վերաբերել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նրանք շեշտել էին, որ դատավոր Մասիս Մելքոնյանը ընդգծված քաղաքականացված է, և իր կողմից ինքնաբացարկ չհայտնելը ողջամիտ կասկածներ է առաջացրել։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։