Search
Close this search box.

Արցախի համայնքները տեղահանվել են, մարդիկ օգնություն են խնդրում․ ԿԽՄԿ-ի հայտարարությունը

Սեպտեմբերի 23-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ավտոշարասյունը Լաչինի ճանապարհով մոտ 70 տոննա մարդասիրական օգնություն է տեղափոխել:

Կարիքի մեջ հայտնված մարդկանց համար նախատեսված մարդասիրական բեռը ներառում է 66 տոննա ցորենի ալյուր, 2700 կիլոգրամ աղ, 450 կիլոգրամ խմորիչ և 375 լիտր արևածաղկի ձեթ:

Մեր թիմերն իրականացրել են նաև ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված 17 անձի տեղափոխություն: Բացի այդ, տրամադրել ենք բժշկական պարագաներ ու դիապարկեր` աճյունների հետ արժանապատիվ վարվեցողություն երաշխավորելու համար:

Այս մարդասիրական աշխատանքը հնարավոր է դարձել ԿԽՄԿ-ի` չեզոք միջնորդի դեր ունենալու շնորհիվ: Տվյալ իրավիճակում մենք խոսում ենք ներգրավված բոլոր դերակատարների հետ՝ համաձայնության հասնելու և բռնությունից տուժած հնարավորինս մեծ թվով մարդկանց կյանքը փրկելուն ուղղված աշխատանք իրականացնելու համար:

Չնայած վերջերս հաստատված զինադադարին` ռազմական գործողությունները թողել են զգալի հետևանքներ: Ընտանիքները փնտրում են իրենց հարազատներին, այդ թվում` երեխաների: Համայնքները տեղահանվել են, մարդիկ օգնություն են խնդրում՝ զոհված հարազատներին հուղարկավորելու համար, իսկ առաջին անհրաժեշտության պարագաների և առողջապահական ծառայությունների անհասանելիությունն ավելի է սրում իրավիճակը:

Հաշվի առնելով հումանիտար կարիքները՝ ԿԽՄԿ-ն մեծացնում է իր աշխատանքի ծավալը տարածաշրջանում՝ ավելացնելով առողջապահական, դատաբժշկական, զինամթերքով աղտոտված տարածքների և պաշտպանության ոլորտներում մասնագիտացած իր անձնակազմը:

Please enter a valid URL