Օգոստոստի 14-ին Երեւան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով զոհված արցախցի Հելեն Դադայանին կհուղարկավորեն Երեւանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա Հելեն Դադայանի մորեղբայրը՝ Մուշեղ Սաֆարյանը։
«Հելենի մայրը թույլատրեց այստեղ հուղարկավորել։ Այսքան ջանքեր գործադրեցինք, սակայն ապարդյուն, թույլ չտվեցին։ Գուցեեւ այսպես ավելի լավ, որովհետեւ Արցախում ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ…»,- ասաց Հելեն Դադայանի մորեղբայրը։
Նա ասաց, որ սեպտեմբերի 27-ին` չորեքշաբթի օրը տեղի կունենա հոգեհանգիստը, սեպտեմբերի 28-ին՝ հուղարկավորությունը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը։
Ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։