Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվեց Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանրագույն իրավիճակը: Նիստի ընթացքում Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը խոսեց ադրբեջանցիների՝ Արցախում վերջին ագրեսիայի ընթացքում կատարած վայրագությունների մասին՝ դրանք անվանելով էթնիկ զտումների փորձ և նշելով, որ այսօր էլ արցախահայությունը գտնվում է ցեղասպանության վտանգի առջև:
Ուշագրավն այն է, որ ՄԱԿ ԱԽ նիստից ընդամենը ժամեր առաջ ուղիղ եթերով հանդես եկող վարչապետ Փաշինյանը փաստացի ալիբի էր տրամադրել ադրբեջանական կողմին՝ հատուկ շեշտելով, որ էթնիկ զտումների մասին բոլոր խոսակցությունները չափազանցված են և Լեռնային Ղարաբաղի բնակչության որևէ լուրջ վտանգ չի սպառնում: Ըստ էության, Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ում հերքեց Փաշինյանի խոսքերը՝ ներկայացնելով իրականությունը:
Գաղտնիք չէ, որ նման ելույթների տեքստերը գրվում են նախապես և եթե Միրզոյանը ցանկություն ունենար խմբագրել իր ելույթը, ապա կաներ նիստի մեկնարկից անգամ 10 րոպե առաջ: Մեր տեղեկություններով՝ իր ուղիղ եթերից հետո Նիկոլ Փաշինյանը կապ է հաստատել Նյու Յորքում գտնվող Միրզոյանի հետ և պահանջել փոխել ելույթի բովանդակությունը, այն ավելի մեղմ դարձնել, ինչն անել ԱԳՆ ղեկավարը հրաժարվել է և նիստի ընթացքում սկզբունքորեն ներկայացրել իրականությունը՝ ինչպես կա: Իսկ այն բանից հետո, երբ Ադրբեջանի պատվիրակն արդարանալով հղում է արել Նիկոլ Փաշինյանի ժամեր առաջ արված հայտարարությանը, Միրզոյանը դիվանագիտական դեմարշ է իրականացրել՝ լքելով նիստերի դահլիճը: