«Արցախում ժողովուրդը խուճապի մեջ է, սոված–ծարավ փողոցներում լցված։ Կապի բացակայության պատճառով շատ գյուղերից տեղեկություն չկա»։ NEWS.am-ի հետ զրույցում Արցախում տիրող աղետալի վիճակի մասին պատմել է Արցախի ԱԺ պատգամավոր Նելլա Գրիգորյանը։
«Երեխաներ կան, որ շրջափակման մեջ են գտնվում, ծնողները՝ այստեղ, ոչ մի լուր չունեն նրանցից։ Շատ գյուղեր սպասում են, որ ռուսները կազմակերպեն տարհանումը»,– պատմել է պատգամավորը՝ նշելով, որ իր թոռնիկի մասին էլ երկար ժամանակ տեղեկություն չեն ունեցել, վերջապես գտել են նրան։
Պատգամավորը նշել է, որ զոհվածների մարմինները, ինչպես նաև ծանր վիրավորներին չեն կարողանում տեղափոխել Երևան:
«Գոնե ճանապարհը չեն բացում, որ մարդիկ դուրս գան, հնարավոր չէ այս պայմաններում մնալ այստեղ»,– ասել է նա։ Պատգամավորի խոսքով՝ տարածվող տեղեկություններն այնպիսին են, որ իրենց մնալը Արցախում անհնար է թվում։ Գրիգորյանի խոսքով՝ նախնական տվյալներով՝ 300-ից ավելի անհետ կորածներ կան, մոտ 300 զոհ։
Պատգամավորի խոսքով՝ այս աղետալի վիճակը չէր լինի, եթե իշխանությունները բնակչությանը նախապատրաստեին հարձակմանը։
«Փաշինյան, մեզ մենակ ես թողել մեզ, չես էլ զգուշացրել, գոնե դպրոցականները այդ օրը դպրոց չգնային։ Երեխաների՝ դպրոցից գալու ժամանակ է եղել հարձակումը, գոնե հնարավոր չէ՞ր զգուշացնել, որ հրետակոծություն է լինելու»,– վրդովված ասել է պատգամավորը։