Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում երկրորդ մրցումային օրը պայքարը սկսեց Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի եւ Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97կգ):
Այս քաշային կարգում աշխարհի առաջատար ըմբիշը մեկնարկային 1/16 եզրափակիչում մրցեց Եվրոպայի փոխչեմպիոն, ռումինացի Նիկու Օժոգի հետ եւ վստահ հաղթանակ տարավ 10:4 հաշվով:
Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականից հաղթանակներով են մեկնարկել նաեւ Գեւորգ Ղարիբյանը (60 կգ) եւ Շանթ Խաչատրյանը (72 կգ):
2020 թվականի Եվրոպայի չեմպիոնը 60 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում գոտեմարտեց կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդու՝ աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանի հետ եւ տպավորիչ հաղթանակ տարավ 9:0 հաշվով: Գոտեմարտն ավարտվեց երկրորդ մրցափուլի առաջին կեսում:
Մ23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Շանթ Խաչատրյանը 72կգ քաշային կարգի որակավորման փուլում 5:14 հաշվով հաղթեց չեզոք երկրների դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Նարեկ Օհանյանին: 1/8 եզրափակիչում Շանթ Խաչատրյանի մրցակիցը կլինի աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր թուրք Սելչուկ Կանը:
Երեկոյան մրցահերթում բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի եւ գործրղ չեմպիոն Մալխաս Ամոյանը (77կգ): Մրցակիցը հայտնի կդառնա սփոփիչ գոտեմարտերից հետո։ Մալխաս Ամոյանը կպայքարի նաեւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը ըմբիշների առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարն է: Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր: 4 մեդալակիրները և բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշներից մեկը. նրանց միջև կանցկացվի լրացուցիչ գոտեմարտ:
Հունահռոմեականների օլիմպիական քաշային կարգերն են` 60 կգ, 67 կգ, 77 կգ, 87 կգ, 97 կգ եւ 130 կգ:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 24-ին: