Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել՝ Ադրբեջանի նախագահի վարչակազմի հրավերով Արցախի ներկայացուցիչների հետ կազմակերպված հանդիպման արդյունքներով։
Հակառակորդի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայ բնակիչների հետ կապերի պատասխանատու Ռամին Մամեդովը հանդիպել է Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչներ Սերգեյ Մարտիրոսյանի և Դավիթ Մելքումյանի հետ։ Հանդիպմանը որպես մասնակից ներկա է եղել ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնի ռուսական կողմի ղեկավար, կոնտր-ծովակալ Օլեգ Սեմենովը։
Կառուցողական և դրական մթնոլորտում կայացած հանդիպմանը քննարկվել են Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման, ենթակառուցվածքների վերականգնման և Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների հիման վրա գործունեության կազմակերպման հարցեր։
Ռամին Մամեդովը ներկայացրել է վերաինտեգրման ծրագրերը. ընդգծվել է նաև հակաահաբեկչական միջոցառումների դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ սեպտեմբերի 20-ի հայտարարության մեջ արտացոլված հարցերի արագ իրականացման կարևորությունը։
Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների ներկայացուցիչները նշել են վառելիքի հատուկ անհրաժեշտությունը սոցիալական և հումանիտար բնույթի հարցերի քննարկման համատեքստում։ Միաժամանակ նրանք մարդասիրական օգնություն են խնդրել, այդ թվում՝ սնունդ։ Նրանց խնդրանքը դրական է ընդունվել։ Մասնավորապես, նախատեսվում է առաջիկայում վառելանյութ տրամադրել և մարդասիրական աջակցություն ցուցաբերել՝ ապահովելով մանկապարտեզների և դպրոցների ջեռուցման համակարգեր, ինչպես նաև շտապ բուժօգնության և հրդեհաշիջման կարիքներ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպումն անցկացնելու մասին»։