Search
Close this search box.

Մեր երեխաներին վերջապես պետք է ազատ, անկախ և խաղաղ Հայաստան ժառանգենք. Ալեն Սիմոնյան

Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձը՝ ապրելով մեր պատմության ամենածանր ժամանակահատվածներից մեկը: Մեր երկիրը, պետականությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, որոնք պետք է այսօր հաղթահարենք:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք պետք է շարունակենք պինդ, համախմբված, սկզբունքային և հավատով լցված գնանք առաջ, պահենք, ամրացնենք մեր պետականությունը, մեր անկախությունը, անվտանգությունն ու մեր երեխաներին վերջապես ազատ, անկախ և խաղաղ Հայաստան ժառանգենք:

Ես վստահ եմ, այո՛, վստահ եմ, որ կկարողանանք ինչպես բազմիցս ապացուցել ենք, որ երբ միասնական ենք՝ կարող ենք անել անհավանականը, այժմ նույնպես մենք կհաջողենք: Մեր հավատով դեպի մեր ուժերը, մեր սկզբունքայնությամբ, մեր միասնականությամբ, մեր սիրով դեպի Հայաստանի Հանրապետություն մենք սա էլ կանցնենք:

Սարսափելի հարվածների մեջով ենք անցնում վերջին տարիներին, և մեր ժողովուրդը և պետականությունը կանգուն պահում: Վճարում անմարդկային բարձր գին, ամեն օր մենք միասին նորից ու նորից գնում առաջ, միասին պայքարում մեր երկրի և մեր ժողովրդի համար, մեր ապագայի համար:

Արդյո՞ք այն ամենը, ինչ մենք տեսանք այս տարիներին ու այն, ինչ վերապրում ենք հիմա, չի հուշում մեզ՝ բոլորիս, որ մենք՝ մեզանից յուրաքանչյուրը և բոլորս միասին, պատահականություն չէ: Այո՛, այս ամենը պատահական չէ և չի կարող լինել. սա մեր՝ բոլորիս, առաքելությունն է:

Մենք պետք է միասին, ի հեճուկս բոլոր արհավիրքների, շարունակենք մեր առաքելությունը, այն է՝ ապագա կերտենք մեր հավերժ ժողովրդի, մեր պետության և պետականության համար. ես դա տեսնում եմ, ես դա գիտեմ, ես դրան հավատում եմ:

Ուստի այսօր՝ Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձին, պետք է լինենք պինդ, գիտակից և միասնական, հավատանք հայ մարդուն, հայ մարդու իմաստությանը, հավատանք մեզ և մեր ուժերին: Վճռական և վստահ միասին գնանք առաջ, հանուն հայ ժողովրդի, հանուն Հայաստանի Հանրապետության և մեր երեխաների, հանուն մեր անկախության և ինքնիշխանության ամրացման:

Շնորհավոր անկախությանդ օրը, մեր հավերժակա՛ն Հայաստան:

Փառք մեր նահատակներին, որոնք ընկան, որ մենք ապրենք:

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ ձեզանով և հավատում եմ քեզ, իմ իմաստուն Հայ ժողովո՛ւրդ»,- գրել է նա:

Please enter a valid URL