Սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի զինված ուժերը սանձազերծել են հերթական ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ` խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները և 2020 թվականի նոյեմբերի 9-ի ռազմական գործողությունների դադարեցման մասին Եռակողմ հայտարարության դրույթները։ Մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ բնակավայրերը ներկայումս ենթարկվում են զանգվածային հրետանային և հրթիռային ռմբակոծության և օդային հարվածների։ Կան զոհեր, այդ թվում՝ քաղաքացիական բնակիչների շրջանում։
Արցախի Հանրապետության շարունակվող անօրինական շրջափակման ներքո Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան անթաքույց ցեղասպանություն է և Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների ժխտման ծայրահեղ արտահայտում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արդեն բացահայտորեն հայտարարել է Արցախի 120 հազար բնակչության բռնի տեղահանումն իրականացնելու մտադրության մասին, ինչը հավասարազոր է Արցախի ժողովրդին որպես այդպիսին և նրա ընհանրության և ամբողջականության ոչնչացմանը։
Ամբողջ երկիրը ենթարկելով անօրինական պաշարման և որպես պատերազմի մեթոդ օգտագործելով սովը՝ Ադրբեջանը որոշել է դիմել ուժի կիրառման՝ վստահ լինելով, որ չի հանդիպի միջազգային հանրության դիմադրությանը։ Ադրբեջանի իշխանությունները վերջին շաբաթներին հող էին նախապատրաստում այս ռազմական հարձակման համար՝ բացահայտ և կեղծ կերպով մեղադրելով Արցախին և Հայաստանին ռազմական սադրանքների մեջ։
Հարկ է ընդգծել, որ այդ կեղծիքներից ոչ մեկը չի հաստատվել ռուսական խաղաղապահ զորակազմի հաղորդագրություններով։
Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան վերջինիս ցեղասպան գործողությունները և Արցախի՝ ավելի քան 9 ամիս շարունակվող ապօրինի շրջափակումը կասեցնելու ուղղությամբ միջազգային հանրության կողմից հավաքական միջոցների բացակայության ուղղակի հետևանքն է։
Անտեսելով Ադրբեջանի հանցավոր մտադրությունների մասին նախազգուշացումները և հրաժարվելով համապատասխան գործողություններից՝ բոլոր պատասխանատու միջազգային դերակատարները չկարողացան կանխել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հերթական ագրեսիան։
Արցախի Հանրապետությունը պահանջում է միջազգային հանրությունից ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ադրբեջանական ռազմական ագրեսիայի շարունակությունը անհապաղ կասեցնելու և բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումը յուրաքանչյուր պետության, ներառյալ ներգրավված դերակատարների պարտականությունն է: Անգործությունը նպաստում է հանցագործության կատարմանը։
ԱՀ արտաքին գործերի նախարարություն