Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անմիջապես դադարեցվեն։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Հուսահատեցնող լուրեր են ստացվում Լեռնային Ղարաբաղի նախկին մարզից։ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները պետք է անմիջապես դադարեցվեն, որպեսզի իրական երկխոսություն սկսվի Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև»,- գրել է Շառլ Միշելը։
Ավելի վաղ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ևս հայտարարել էր, որ «ռազմական գործողությունները պետք է անմիջապես դադարեցվեն, որպեսզի հնարավոր լինի «իրական երկխոսություն սկսել Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև»։
«Ականների պայթյուններից ադրբեջանցիների մահվան դեպքերի մասին ողբերգական լուրեր են ստացվում։ Այդուհանդերձ, ընթացող ռազմական գործողությունները միայն վատթարացնելու են իրադրությունը։ Անհրաժեշտ է անհապաղ հրադադար հաստատել՝ որպես Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև իրական երկխոսություն սկսելու միակ ճանապարհ»,- գրել է Կլաարը։