Մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք, մեր առաջարկները ուժի մեջ են, արտահերթ ընտրությունների գնալու Հայկ Մարությանի առաջարկին կողմ ենք: Նոր ընտրությունները մեզ ձեռնտու են, ավելի մեծ հնարավորություն կլինի ՔՊ-ին անկյուն քշել: Այս մասին տեղեկանում ենք 24News-ից, որի հետ զրույցում ասել է «Մայր Հայաատան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:
Անդրադառնալով Հայկ Մարությանի առաջին առաջարկին, այն է՝ ընտրել իրեն քաղաքապետ և «Մայր Հայաստան»-ը և «Հանրային ձայն»-ը լինեն ընդդիմություն, Անդրանիկ Թևանյանը պատասխանել է․ «Ինձ համար անհասկանալի էր, ի՞նչ է նշանակում ինքը դառնա քաղաքապետ, մենք՝ ընդդիմություն, դա հակաքաղաքագիտական ձևակերպում է, բայց երևի այլ բան է նկատի ունեցել: Այդ դեպքում ստացվում է, որ ինքը պետք է լինի ընդդիմություն ՔՊ-ին, մյուս կուսակցություններին, Կառավարությանը, այդ դեպքում ո՞վ է հաստատելու Երևանի բյուջեն, եթե բոլորը ընդդիմություն են:
Իմ կարծիքով, այլ բան է ցանկացել ասել:
Մեզ համար ամենակարևորն այն է, որ հանրության ուղերձը տեղ հասնի Երևանում իշխանությունը փոխել, հետո Հայաստանում, մեր ասածի տրամաբանությունը այն է, որ իշխանափոխությունը պետք է լինի և՛ Երևանում, և՛ Հայաստանում: Եթե կա մարդ, որ ուզում է քաղաքապետ աշխատել, մենք կօգնենք այդ հարցում, բայց նաև պետք է համակարծություն ունենանք այն հարցում, որ պետք է Հայաստանում իշխանափոխություն լինի, ինչպես, որ երեկ հայտարարել ենք»,- լրատվամիջոցի հետ զրույցում ընդգծել է նա:
Թևանյանը ավելացրել է, որ ընտրություններում 236 ձայնով ՔՊ-ն պարտվել է, եթե փորձեն մեքենայություններ անել, դուրս կգան փողոց պայքարելու:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Հայկ Մարությանը հայտարարել է ընտրել իրեն քաղաքապետ և «Մայր Հայաստան»-ը և «Հանրային ձայն»-ը լինեն ընդդիմություն։