Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի հայտնի դարձավ, որ Արցախի իշխանությունները համաձայնել են Աղդամով եւ Լաչինով համաժամանակյա բեռներ ընդունել, բայց այս որոշումը հեշտ չի կայացվել: Բանն այն է, որ ռուսները մինչեւ վերջին օրերը ԱՀ նորընտիր իշխանություններին հուսադրել են, որ ամեն ինչ անելու են, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը գործի, եւ Լաչինի միջանցքի անխափան երթեւեկը վերականգնվի, սակայն շաբաթ-կիրակի հետ են կանգնել՝ ասելով, որ անզոր են. կա՛մ պիտի ընդունել բեռները, կա՛մ խորացնել ճգնաժամը։
Սակայն քանի որ շրջափակումն Արցախում ոչ միայն հացի խնդիր է առաջացրել, այլեւ՝ անվտանգային, որոշել են ընդունել առաջարկը, գիտակցելով, որ բացելով Աղդամը՝ ճանապարհ են բացում ինտեգրացիայի համար։ Աղդամով միայն հիգիենայի պարագաներ կմտնեն Արցախ, իսկ Լաչինով՝ առաջիկա օրերին բացառապես ալյուր։ Երեկ մեկական բեռնատար է մտել Ստեփանակերտ:
Չնայած նախնական պայմանավորվածությանը, որ Աղդամով Արցախ մտնող ռուսական Կարմիր խաչի մեքենաներում լինելու են բացառապես ռուսական արտադրության ապրանքներ, սակայն պարզվում է՝ թուրքական արտադրության մանկական տակդիրներ էլ են եղել, որոնց մասին արցախցիները երեկ ահազանգում էին՝ պահանջելով հրապարակային այրել թուրքական արտադրանքը։ Կառավարությունը հայտարարեց, որ Աղդամից մտնող ապրանքը կբաշխվի միայն փորձաքննությունից հետո»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում