Search
Close this search box.

Ադրբեջանը պահանջում է զինաթափել հայկական զինուժը եւ լուծարել ԼՂՀ կառավարական կառույցները

Ադրբեջանը պահանջում է Ղարաբաղում հայկական զինված ուժերի անհապաղ զինաթափում եւ ինքնահռչակ հանրապետության ռազմական ու կառավարական կառույցների լուծարում, այդ դեպքում նրա ներկայացուցիչների նկատմամբ կարող է համաներում կիրառվել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Գործակալության տվյալներով՝ ճեպազրույցն անցկացվել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի, պետության ղեկավարի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի եւ փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաեւի մասնակցությամբ:

«Ադրբեջանը պահանջում է անհապաղ դուրս բերել հայ զինծառայողներին, լուծարել Երեւանի ենթակայության տակ գտնվող այսպես կոչված կառավարական կառույցները եւ զինաթափել ադրբեջանական տարածքներում ապօրինաբար գտնվող Հայաստանի Զինված ուժերը: Այդ դեպքում ապօրինի ռեժիմի ներկայացուցիչների նկատմամբ կարող է կիրառվել համաներում»․-ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Բաքուն պահանջում է «դադարեցնել ռազմական շինարարության գործունեության աճը, հրաժարվել ռեւանշիստական ծրագրերից, դադարեցնել Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խախտումը եւ դադարեցնել անջատողականության եւ ահաբեկչության աջակցությունը ղարաբաղյան տարածաշրջանում»։

Նշվում է, որ Բաքուն շահագրգռված է իրավիճակի կարգավորմամբ եւ դա ապացուցել է «միջնորդությունն առաջարկած բոլոր կողմերի հետ անկեղծ գործունեությամբ»։ Ընդ որում, ընդգծվել է, որ «հայկական կողմը բոլոր դեպքերում, առանց բացառության, տարբեր պատրվակներով խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները»։ «Դրա միակ պատճառը իրավիճակը ձգձգելու, լարվածությունն ուժեղացնելու եւ արդյունքում կարգավորման գործընթացը խափանելու ձգտումն էր»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Բաքվում կրկնել են կեղծ թեզերն այն մասին, որ հայկական կողմը «բացահայտ ամրություններ է կառուցում եւ անձնակազմ ու ռազմական տեխնիկա կենտրոնացնում ինչպես Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանի երկայնքով, այնպես էլ Ղարաբաղում՝ հերթական ռազմական հարձակման նպատակով»։

Please enter a valid URL