«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների առնչությամբ տարածել է հայտարարություն:
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Սիրելի ժողովուրդ, սիրելի երեւանցիներ,
Կիրակի օրը Երեւանում տեղի ունեցան հերթական ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունները: Եւս մեկ անգամ վերահաստատվեց, որ մեր երկրում կեղծվող ընտրությունների էջն անդառնալիորեն փակված է եւ սա մեծ հպարտություն է մեզ համար:
Շնորհակալ ենք մեզ վստահության քվե տված տասնյակ հազարավոր երեւանցիներին, ում շնորհիվ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացած ձայների թվով առաջինն է եւ ամենամեծ խմբակցությունը կունենա Երեւանի ավագանիում:
Հարգանքով ենք վերաբերվում մեր մրցակիցներին քվե տված քաղաքացիներին: Ընտրություններին այս կամ այն պատճառով չմասնակցած մարդկանց ձայնը նույնպես լսում ենք:
Առջեւում դեռ հսկայական աշխատանք կա կատարելու՝ հանուն Երեւանի, հանուն անկախ Հայաստանի: «Քաղաքացիական պայմանագիրը» հավատարիմ է մնալու իր հռչակած սկզբունքներին եւ իր ստացած մանդատը ծառայեցնելու է իր նախընտրական ծրագրի իրագործմանը:
Մոտակա օրերին ավելի մանրամասն կխոսենք առաջիկա անելիքների մասին, բայց մի բան հստակ է, աներկբա եւ անփոփոխելի՝ ինչպես ասացիք, այնպես էլ կանենք: Մեր նպատակը ձեզ ծառայելն է»: