Search
Close this search box.

Ադրբեջանը կրկին որդեգրել է հայերի ցեղասպանության գործելակերպը. «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության հայտարարությունը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել 1918թ.-ի Բաքվի հայության ջարդերի 105-ամյա տարելիցի առթիվ:

«Արմենպրես»-ը հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում է ստորև.

««Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խորը վշտով իր հարգանքի տուրքն է մատուցում 1918 թ․սեպտեմբերի 15-17-ը Բաքու քաղաքում օսմանա-ադրբեջանական ջարդարարների կողմից կոտորածի ենթարկված 30 հազար անմեղ հայերի հիշատակին։

105 տարի առաջ այս օրերին Բաքու քաղաքին տիրելու համար ադրբեջանա-բոլշևիկյան քաղաքական պայքարի ռազմական հանգուցալուծումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից պետականորեն իրականացված էթնիկ զտման։ Բաքու քաղաքի հայ բնակչության թվաքանակը կոտորածի նախօրեին կազմում էր շուրջ 90 հազար, որից ավելի քան 30 հազարը հարկադրված հեռացել է քաղաքից, ևս 30 հազարը՝ ենթարկվել դաժան կոտորածի և թալանի, 4 հազարից ավելի հայեր գերվել են, որոնցից 445-ը՝ մահացել ծեծի և տաժանակիր աշխատանքի հետևանքով:

Անհետ կորածների թիվը 3572 է, բանտարկվել է 553 հայ։

Հայ բնակչության կրած միայն նյութական վնասների գումարն անցնում էր 1 միլիարդ ռուբլուց (1919 թ.-ի դրությամբ)։

Նման դաժանությունները վկայված են բազմաթիվ ականատեսների, այդ թվում՝ օտարազգի՝ ռուս, գերմանացի, ավստրիացի սպաների, պաշտոնյաների, լրագրողների նամակներում և հոդվածներում։ 30 հազար խաղաղ ու անզեն հայերի կոտորածից 105 տարի անց կրկին Ադրբեջանը որդեգրել է հայերի էթնիկ զտման և ցեղասպանության գործելակերպ։ Ավելի քան 9 ամիս Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը շարունակում է ապօրինի կերպով մնալ շրջափակված։ Հունիսի 14-ից դադարել է սննդամթերքի, հուլիսի 7-ից դեղորայքի մատակարարումը, խափանվել է գազամատակարարումը, էլեկտրաէներգիայի սնուցումը։ Նման աղետալի դրության պայմաններում Լեռնային Ղարաբաղում արձանագրվել են սովամահության, անչափահաս երեխաների մահվան, հղի կանանց առողջական վիճակի կտրուկ վատթարացման դեպքեր։ Ադրբեջանը խոչընդոտում է նաև միջազգային մարդասիրական կազմակերպությունների գործունեությանը, առևանգում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հովանավորության տակ գտնվող և բուժման կամ կրթության նպատակով Հայաստան տեղափոխվող անձանց, ձերբակալում և կալանքի տակ է պահում առանց իրավական անհրաժեշտ հիմքերի՝ դրանով իսկ խախտելով Մարդու իրավունքների հռչակագրով, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և այլ միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների կատարումը։

1918 թ.-ի Բաքվի, 1988 թ․-ի Սումգայիթի, 1990 թ․-ի Բաքվի, 1992 թ․-ի Մարաղայի կոտորածները, 2016 թ. սանձազերծած քառօրյա և 2020 թ․44-օրյա պատերազմները, 2022 թ․ դեկտեմբերից մինչ այսօր շարունակվող Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և հումանիտար աղետը աներկբայորեն վկայում են, որ Ադրբեջան պետության ստեղծումից ի վեր դրա առանցքային գաղափարներից է եղել հայատյացությունը և հայերին էթնիկ զտման ու ցեղասպանության ենթարկելու անհրաժեշտության գերակայությունը։

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի ցեղասպան գործելակերպը ինչպես անցյալում, այնպես էլ այսօր։ Համաշխարհային փորձն ապացուցում է, որ անպատիժ մնացած հանցանքները հանգեցնում են նորերի իրականացմանը։ Ուստի, Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությունը և դրա անպատժելիությունը մեծ վտանգ է պարունակում ապագայում համաշխարհային հանրության անվտանգ և ապահով կենսագործունեության համար։

Կոչ ենք անում ադրբեջանական իշխանություններին վերջ տալ հայատյացության հարյուրամյա քաղաքականությանը, ընդունել և պատասխանատվություն ստանձնել ինչպես 1918 թ․ Բաքվի 30 հազար հայերի կոտորածի համար, այնպես էլ 1988 թ․ Սումգայիթի, 1990 թ․ Բաքվի, 1992թ․ Մարաղայի կոտորածների համար, համարժեք, արդարացի փոխհատուցում տրամադրել բռնությամբ տեղահանված հարյուր հազարավոր հայերին և չստեղծել այնպիսի գոյութենական սպառնալիքներ, որոնք անհնարին կդարձնեն նրանց վերադարձը հայրենի բնակավայրեր, հարգել Նոյեմբերի 9-ի համաձայնագրով ձեռք բերված պարտավորությունները և ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հնարավորությունը»:

Please enter a valid URL