Թուրքիան առաջնահերթ նշանակություն է տալիս կայունությանն ու խաղաղությանը Կովկասում եւ աջակցում է «եղբայրական» Ադրբեջանին, ուրբաթ հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, տեղեկացրել է Daily Sabah-ը։
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս կայունությանը Կովկասում։ Մենք զգալի ջանքեր ենք գործադրում տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատման համար եւ շարունակում ենք աջակցել մեր եղբայր Ադրբեջանի ժողովրդին՝ «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքի համաձայն»,- ասել է Գյուլերը։
Նա նաեւ հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի իր ավանդը ներդնել «տարածաշրջանային եւ գլոբալ խաղաղության գործում՝ բազմաթիվ տարածաշրջաններում։
«Մենք շարունակում ենք մեր կառուցողական ջանքերը Սեւծովյան հացահատիկային գործարքի վերականգնման ուղղությամբ»,- ավելացրել է նա՝ նկատի ունենալով Ուկրաինայից հացահատիկի արտահանման մասին համաձայնագիրը։
Գյուլերը նաեւ ասել է, որ Թուրքիան շարունակում է ջանքերը «Հունաստանի հետ հարաբերություններում նպաստավոր մթնոլորտ պահպանելու ուղղությամբ»։
«Մենք կշարունակենք ահաբեկչության դեմ մեր պայքարը նույն վճռականությամբ եւ անսասանությամբ, ինչպես եւ մինչ այժմ, ոչ մի զիջման չգնալով»,- ավելացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։