Search
Close this search box.

Ոչ մի ամոթ բան չկա նրանում, որ մեզնից յուրաքանչյուրն ասի, որ ես գիտեմ, որ շատ բան չգիտեմ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյան տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ներկա է գտնվել Գյուղական կյանքի և ավանդույթների հոբելյանական 10-րդ փառատոնի բացմանը, որն այս տարի անցկացվում է Կոտայքի մարզի Ձորաղբյուր բնակավայրում: Միջոցառմանը ներկա են եղել նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և այլք:

Վարչապետը ողջունելով ներկաներին՝ նշել է, թե ինչու է Կառավարությունը հետաքրքրված նման միջոցառումներով:

«Գիտեք, Հայաստանում, որպես կանոն, գյուղատնտեսություն բառն ասոցացվում է հիմնականում չարչարանք բառի հետ: Եվ անընդհատ լսում ու տեսնում ենք, որ մեր սիրելի գյուղացիները շատ մեծ ֆիզիկական աշխատանք դնելով, նյարդ դնելով, ի վերջո, կանգնում են հետագա խնդիրների առաջ և այդ շրջապտույտից դուրս գալ չեն կարողանում:

Ո՞րն է այս ոլորտում մեր քաղաքականությունը: Մենք ուզում ենք ամեն ինչ անել, որ գյուղատնտեսությունն ասոցացվի արդյունավետություն, բարեկեցություն, գեղագիտություն, առողջություն և առողջ ապրելակերպ հասկացությունների հետ:

Նման միջոցառումները մեզ համար կարևոր են, որովհետև այս հարցերի պատասխանն աշխարհի բազմաթիվ երկրներ տվել են: Գյուղատնտեսության ոլորտում թեև ունենք որոշակի կղզիներ, որտեղ ահա այս հասկացությունները համադրված են, բայց ցավոք, դա Հայաստանի Հանրապետությունում դեռևս համատարած երևույթ չէ:

Եվ մենք նման միջոցառումներով, տեսարաններով փորձում ենք այս օրակարգն ընդգծել և նորից ընդգծել, որ ընդհանրապես մեզնից որևէ մեկի համար սովորելու մեջ ոչ մի անպատվաբեր բան չկա: Ես, օրինակ, ամենատարբեր բաներ սովորում եմ հենց նպատակային, որովհետև գիտեմ, որ դա կամ չգիտեմ, կամ լավ չգիտեմ: Նույնիսկ Սոկրատեսն էր ասում՝ ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ, աշխարհի պատմության ամենահայտնի փիլիսոփաներից մեկը: Ոչ մի ամոթ բան չկա նրանում, որ մեզնից յուրաքանչյուրն ասի, որ ես գիտեմ, որ շատ բան չգիտեմ, և հետևաբար, եթե շատ բան չգիտեմ, ի՞նչ պետք է անեմ, պետք է գնամ այդ գիտելիքի հետևից:

Եվ Կառավարության նպատակն է, առաջինը՝ այս ընկալումը քաջալերել մեր քաղաքացիների մեջ, և երկրորդը՝ ստեղծել հնարավորություններ, պայմաններ, որովհետև կարող է շատ քաղաքացիներ կան, ովքեր ուզում են իրենց չիմացածը լրացնել, բայց դրա համար չկան հնարավորություններ, չկան ենթակառուցվածքներ, չկան հարթակներ: Եվ ահա նման հարթակների գոյությունը մեզ համար չափազանց կարևոր է: Մենք այսօր մի հակասություններ և հակադրություններ ունենք երկրում: Մի կողմից մեր Ագրարային համալսարանը ուսանողների շրջանում, ցավոք, մեծ հետաքրքրություն չի առաջացնում, մյուս կողմից մեր շատ տնտեսություններ՝ ինտենսիվ այգեգործության ոլորտի ժամում 700-800 եվրո աշխատավարձով գյուղատնտեսներ են հրավիրում Եվրոպայից, և շատ դեպքերում օնլայն աշխատանքի համար են այդքան վճարում:

Ես ուզում եմ այս հանդիպումը ողջունել, որովհետև նաև առողջության մասին խոսեցի: Մենք շատ հաճախ չենք տեսնում կապը մեր բնակչության առողջական պրոբլեմների և գյուղատնտեսության մեջ: Տեսեք, այն ընկալումը, որ ինչքան շատ պարարտանյութ տանք՝ այնքան մեծ լինի եւ շատ, կարող է ֆիզիկապես տեղի ունենալ, բայց դա իր հետևից բերում է հետևանքներ: Եվ ժամանակակից աշխարհում միտումներ կան զարգացնելու օրգանիկ գյուղատնտեսությունը, առողջ գյուղատնտեսությունը: Եվ սննդի անվտանգությունը նույնպես մեզ համար խնդիր է»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ այստեղ լուրջ խնդիրներ ունենք:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, սա չի կարող լինել գյուղացու, քաղաքացու, իշխանության, ընդդիմության՝ առանձին վերցրած պրոբլեմը: Սա բոլորինս է, որովհետև մեր շուկաներից և խանութներից այդ ապրանքը գնում է բոլորի տուն՝ և՛ ընդդիմադիրների, և՛ կառավարության համախոհների, և՛ չեզոքների, և՛ քաղաքականացվածների, և՛ չքաղաքականացվածների: Հետևաբար, սրանք գլոբալ խնդիրներ են, և սրանց նկատմամբ մեր ուշադրությունը բավարար չէ:

«Հաջորդը՝ չարչարանքի հատվածը. շատ կարևոր է, որ ժամանակակից այգիները ոչ միայն աշխատանքի վայր են, այլև հանգստի, որովհետև երբ մարդը տեսնում է իր աշխատանքի գեղագիտական պատկերը, դա նրան նոր էներգիա է տալիս, իհարկե եկամուտների հետ համատեղ: Մենք էկոնոմիկայի նախարարությունում գյուղատնտեսության ոլորտի մեր գործընկերների առաջ արդեն երկար տարիներ դնում ենք խնդիր, որ յուրաքանչյուր գյուղացի իր ստացած բերքի ինքնարժեքն իմանա, ողջ տեղեկատվությունն իմանա: Որովհետև հարցը հասնում է մթերումներին և տարբեր գներ ենք քննարկում, մենք չգիտենք այդ գներն ինչի համեմատ ենք քննարկում: Երբ մենք ունենանք ինքնարժեքների հաշվարկման հստակ բանաձևեր՝ կիմանանք՝ մթերման համար առաջարկվող գինը շատ է, քիչ է, ինչքան շահույթի մարժա կա դրա մեջ, Կառավարությունն ինչքան պիտի օգնի: Եվ դրանք Կառավարության համար է կարևոր, որովհետև մեր աջակցության շատ ծրագրերով փողը ծախսվում է, բայց մենք տեսնում ենք, որ դրանից մեծ արդյունքներ չկան: Այս պահին ինչ-որ խնդիր ենք լուծում, անցանք, այս էլ անցանք, մյուս տարի գիտենք նույն պրոբլեմի առաջ ենք կանգնելու:

Այսօր առաջին հերթին տոն է, բայց տոնը նաև հանդիպում է, տոնը նաև խոսակցություն է, տոնը նաև փորձի փոխանակումն է: Եվ ես ուզում եմ հավատալ, որ նման միջոցառումներով գյուղատնտեսության ժամանակակից մեթոդների, ձևերի նկատմամբ մեր հանրային ընկալումներն ավելանում են, և շատ կարևորում եմ, որ երեխաները տեսնեն դա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հավելել է, որ դպրոցներում երեխաները պետք է ներգրավված լինեն տարածքի բարեկարգմանը, հողատարածքները պետք է ոչ միայն մշակվեն, այլև մշակվեն ժամանակակից գիտելիքով, որպեսզի դա ոչ թե լինի երեխայի ֆիզիկական ուժի շահագործում, այլև երեխային իր հետագա կյանքին պատրաստելու գործընթաց: «Ի վերջո, բուսաբանություն են անցնում դպրոցներում: Մենք դպրոցներում նաև ջերմոցային փոքրիկ հատված ենք ստեղծում:

Սա շատ կարևոր ուղղություն է, որովհետև ինտենսիվ գյուղատնտեսությունը միայն հողը մշակելու մասին չէ, սա մտածելու ձևերի մասին է: Մենք մտածողության մեր ձևերը ոչ թե պետք է փոխենք, այլ թարմացնենք, որովհետև աշխարհը փոխվում է:Մտածողությունն էլ ծրագիր է:

Շնորհավորում եմ բոլորիս և ցանկանում եմ Հայաստանի բոլոր գյուղացիական տնտեսություններին, ֆերմերներին ավելի ու ավելի առատ բերք և արդյունավետ աշխատանք»,- ասել է վարչապետը:

Ամենամյա բերքի փառատոնի նպատակն է դրական փոփոխությունների միջոցով նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը:

Փառատոնը յուրօրինակ հարթակ է, որտեղ ֆերմերները, արտադրողները, վերամշակողները, գնորդները և տարբեր կազմակերպություններ ու հնարավոր ներդրողներ հանդիպում են՝ փորձի փոխանակման՝ համագործակցության և նոր շուկաներ գտնելու նպատակով: Յուրաքանչյուր տարի փառատոնին մասնակցում են շուրջ 200 ֆերմերներ և ֆերմերային խմբեր:

Փառատոնն ուղեկցվում է ավանդական համերգային ծրագրով` ժողովրդական անվանի երգիչների, երաժիշտների ու մշակութային փոքր խմբերի մասնակցությամբ, երեխաների համար նախատեսված ժամանցային կատարումներով ու ներկայացումներով, բեմականացումներով ու պարային համարներով:

Please enter a valid URL