NEWS.amի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են քաղաքացիները պատուհաններից իրենց դժգոհության ժեստը հայտնում ՔՊ-ի քայլերթին:
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր քարոզարշավը ամփոփում է երթ-հանրահավաքով, որը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նկատենք, որ երթի մասնակիցների ցանկը բավական ուշագրավ է։ Բացի վարչապետ Նիկոլ Փաշինյանից, երթին մասնակցում է նրա տիկին Աննա Հակոբյանը՝ դստեր՝ Մարիամի հետ, ՔՊ ամբողջ վարչությունը, նախարարներ, ՔՊ–ական պատգամավորներ՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ։ Քաղաքապետի Քպ թեկնածու Տիգրան Ավինյանը նույնպես կնոջ եւ դստեր հետ է։
Ավելի ուշագրավ է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությունը քարոզարշավին։ Նա երթին եկել է կնոջ եւ նորածին դստեր հետ, որին նախարարն անձամբ է տեղաշարժում մանկասայլակով։ Երկրի սահմաններին հակառակորդի զինված ուժերի կուտակումների, պատերազմի իրական սպառնալիքի պայմաններում Պապիկյանի մասնակցությունը ավագանու ընտրության քարոզարշավին, մեղմ ասած, տարակուսելի է։
Նույն պատճառներով անհասկանալի է նաեւ արտգործնախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը երթին։
Նշենք, որ երթն ուղեկցում են մի քանի շարքով շղթա կազմած մեծաթիվ ոստիկաններ, իսկ Փաշինյանը քայլում է անվտանգության մեծ թվով աշխատակիցների կուռ օղակի մեջ։ Ի դեպ, դեռեւս երթի մեկնարկից մի քանի ժամ առաջ Էրեբունի թանգարանի մոտից մեկնարկող դեպի Երեւանի քաղաքապետարան երթուղու ամբողջ երկայնքով ոստիկանական մեծաթիվ ուժեր էին տեղակայվել։