Երևանի քաղաքապետի տեղակալ, ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» առաջին համար Տիգրան Ավինյանի ընտանիքը շարունակում է գույքային էական բարելավում ունենալ։ Ավելի վաղ ներկայացրել էինք, որ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելիս նրա մտերիմները, նույնիսկ աշխատակազմի որոշ նախկին անդամներ ներգրավվել էին արտադրական կանեփի բիզնեսում։ Ավինյանի մայրը բնակարան էր ձեռք բերել Երևանի կենտրոնում, ինչպես նաև մեծ հողեր Արմավիրի մարզում։
ՍիվիլՆեթը պարզել է, որ Տիգրան Ավինյանի հայրը՝ Արմեն Ավինյանը, անցյալ տարի 1000 քառակուսի մետր մակերեսով հողամաս է գնել Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում։ Առքուվաճառքի այդ պայմանագրով ֆիքսված գինը ավելի շատ նման է նվիրատվության։
1000 քմ հողամասը Երևանում՝ 10,5 մլն դրամով
2022-ի սեպտեմբերի 30-ին Արմեն Ավինյանը Արա Սիսեռյանի հետ կնքել է հողամասի առքուվաճառքի պայմանագիր։ Ավինյանը ձեռք է բերել Նորք-Մարաշ վարչական շրջանի Գարեգին Հովսեփյան փողոցում գտնվող 1000 քմ հողամաս։ Արա Սիսեռյանը Վարագ Սիսեռյանի հայրն է, որը փոխվարչապետի աշխատակազմի ղեկավարն էր, երբ Տիգրան Ավինյանն էր այդ պաշտոնին։ Վարագ Սիսեռյանը փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի պաշտոնը թողեց 2020-ի նոյեմբերի 16-ին՝ Նիկոլ Փաշինյանի մի գրառումից հետո, նաև կուսակցությունից դուրս գալու դիմում ներկայացնելու մասին էր հայտարարել։
Արա Սիսեռյանը Արմեն Ավինյանին 1000 քմ մակերեսով հողամասը վաճառել է ընդամենը 10,5 մլն դրամով։ Սա Երևանում նման մակերեսով հողի վաճառքի շուկայական գնից ակնհայտորեն տարբերվող գին է, չափազանց էժան։ ՍիվիլՆեթը ներկայացնում է մի քանի օրինակներ, թե որքան արժե 1000 քմ հողը Նորք-Մարաշի Հովսեփյան փողոցում։ Այսպես՝ անշարժ գույքի վաճառքի հայտարարությունների տեղադրմամբ զբաղվող կայքերից մեկում Հովսեփյան փողոցում 911 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը արժե 290 000 դոլար, այսօրվա փոխարժեքով՝ 111 մլն դրամ։
Նույն փողոցում 1250 քմ տարածքով հողամասը (Արմեն Ավինյանին պատկանող հողամասից 250 քմ ավելի), ըստ List.am կայքի, արժե 500 000 դոլար։
Վերը նշված օրինակներից, որտեղ արտացոլված է նույն թաղամասում նույնական մակերեսով հողամասերի շուկայական արժեքները, երևում է, որ Արմեն Ավինյանի ձեռք բերած հողատարածքի գինը ակնհայտորեն հեռու է իրական արժեքից։ Այս հողամասը ի սկզբանե եղել է մեկ միավոր` 2000 քմ մակերեսով։ Այն պատկանել է Արա Սիսեռյանին։ 2022-ի հուլիսին Սիսեռյանը հողամասը բաժանել է երկու հավասար մասի, նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշումներով էլ դրանք հասցեավորվել են։ Հողամասը խառը կառուցապատման նպատակային նշանակությամբ է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։