Երևանում բնակվող ռուս բլոգեր Ալեքսեյ Ռոմանովի կինը՝ Յանա Զելինսկայան, նախնական տվյալներով, ինքնասպանություն է գործել՝ լոգասենյակում կախվելու միջոցով։ Հիշեցնենք, որ երեկ երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի։ Ավելի ուշ պարզվել է, որ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Յանա Զելինսկայան է, իսկ նրա ամուսինը Ռուսաստանում և Հայաստանում հայտնի բլոգեր Ալեքսեյ Ռոմանովն է։ Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ մի քանի ամիս առաջ Ռոմանովի ու Զելինսկայայի 26-ամյա դուստր Սոֆյան մահացել էր անորեկսիայից։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնել է, որ ինքնասպանություն գործելու վերաբերյալ ահազանգ է ստացվել, այդ առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։
«Նախաքննություն է իրականացվում՝ պարզելու մահվան պատճառները, հանգամանքները»,- նշել է Աբրահամյանը։
Նա տեղեկացրել է, որ դիակի արտաքին զննությամբ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Հարցին ի պատասխան, թե նախնական տվյալներով, ինչ եղանակով է կատարվել ենթադրյալ ինքնասպանությունը, զրուցակիցը նշել է․ «Նախնական տվյալներով՝ բաղնիքում կախվելու միջոցով»։