«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն իր ծանոթ-բարեկամներին Ազգային ժողովում աշխատանքի է տեղավորում: Օգտվելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հովանավորությունից՝ նա, իր հորից սկսած, փեսային, ազգականին, ընկերուհուն աշխատանքի է տեղավորել:
Հիշեցնենք, որ Հասմիկ Հակոբյանն Ալեն Սիմոնյանի օգնականն էր 2018թ-ին ձևավորված խորհրդարանում: 2021թ-ի ընտրությունների ժամանակ Ալեն Սիմոնյանը նրան տեղավորեց ՔՊ ցուցակում, և նա պատգամավորի օգնականից պատգամավոր դարձավ: Ամենաարտոնյալ պատգամավորներից է, ամենաշատ գործուղումների մեկնողը:
Այս ընթացքում Հասմիկ Հակոբյանը հասցրել է՝
• հարազատ հորը՝ Արմեն Հակոբյանին տեղավորել ԱԺ վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնում,
• իր ազգական Նինա Հակոբյանին աշխատանքի է տեղավորել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մոտ՝ որպես գործավարուհի,
• քրոջ ամուսնուն՝ Վարոյին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարորդ,
• իր աղջկա դասընկերուհու մորը և մյուս ծանոթին էլ տեղավորել է խորհրդարանի բուժկետում, և նրանցից մեկը բուժկետի բուժքույրն է՝ Լիլիթ Օհանյանը,
• Իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ էլ նշանակել է տվել Մարի Ստեփանյանին:
Օրաթերթն այս առիթով մեկնաբանություն վերցրել է Հասմիկ Հակոբյանից, որը, բնականաբար, չի հերքել տեղեկությունները՝ նշելով, որ ոչ մեկը չպետք է տուժի՝ մյուսի պաշտոնով պայմանավորված: Իսկ 2018թ-ից առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր. «Կառավարման համակարգը ո՞նց է աշխատել մինչև հիմա՝ հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձ. բոլորին բերել լցրել են պետական կառավարման համակարգ, իսկ հիմա նման խնդիր չկա դրված»:
Մանրամասները՝ թերթի համարում: