Search
Close this search box.

Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխվել է. նա 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի տնային կալանքը փոխվել է գրավով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը։

Այսօր տեղեկություն էր տարածվել, որ սեպտեմբերի 14-ին՝ ժամը 19։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից անցկացվող ամենամյա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգը, որը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

«Վարույթն իրականացնող մարմնի կողմից Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխվել է։ Նա 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել»,– հայտնել է փաստաբանը։

Խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ որոշումը կայացվել է սեպտեմբերի 8–ին։

Հիշեցնենք` հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ կալանավորվել են նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին` դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ Սերգեյ Սմբատյանին և գործարար Ա.Պ–ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։

Օգոստոսի 24–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բեկանեց դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Որպես խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը։

Please enter a valid URL