Երեւանում ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում համաձայնեցվել է ՀԱՊԿ առաքելության մանդատը Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին։ Ամեն ինչ հավանության արժանացավ, սակայն առավոտյան հայ գործընկերները որոշեցին հետաձգել այս թեման։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Նախարարների մակարդակով (21 թվականին) մենք համաձայնեցրինք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ առաքելության մանդատը։ Ամեն ինչ հավանության արժանացավ, բայց առավոտյան մեր հայ գործընկերները որոշեցին հետաձգել այս թեման»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Նա նաև մեկնաբանել է լրագրողների այն հարցը, թե Հայաստանը սպառնացել է դուրս գալ ՀԱՊԿ-ից։
«Ինչ վերաբերում է նրան, որ սպառնում են դուրս գալ ՀԱՊԿ-ից, այնտեղ շատ քաղաքական գործիչներ կան, որոնք իրենց թույլ են տալիս բավական ամբարտավան հայտարարություններ անել Ռուսաստանի հասցեին, մենք դա տեսնում ենք։ Դա բոլորովին էլ երեկ չի սկսվել. Մենք հիշում ենք, որ երբ պարոն Փաշինյանը դեռևս իշխանությունում չգտնվող քաղաքական գործիչ էր և ոտքի էր հանում հայ ժողովրդին, նրա կարգախոսներից մեկն այն ժամանակ ՀԱՊԿ-ից և նույնիսկ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին հայտարարությունն էր։ Շատերը դա պայմանավորում էին պարզապես ընտրարշավով, ձայների համար պայքարով։ Հետագայում պարոն Փաշինյանը նման մտքեր չի արտահայտել, այդ թվում՝ Երեւանում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ»,- նշեց նա։
Սերգեյ Լավրովը խոսել է նաև Հայաստանի՝ վերջին շրջանում ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելու մասին։
«Հայ-ամերիկյան զորավարժություններն առավել տարօրինակ են թվում, քանի որ արդեն երկու տարի է, ինչ Հայաստանը հրաժարվում է ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելուց՝ բացատրելով, որ եթե ՀԱՊԿ-ը դատապարտեր Ադրբեջանին, ապա Հայաստանը կսկսեր աշխատել ՀԱՊԿ-ի հետ։
Իսկ երբ հարցնում ենք, թե ինչու եք շփվում ամերիկացիների և եվրոպացիների հետ, որոնք չեն դատապարտում Ադրբեջանին, նրանք ասում են. «Դե, նրանք մեր դաշնակիցները չեն, ուրեմն դուք պետք է դատապարտեք»։ Ահա, այսպիսի, բավականին տարօրինակ տրամաբանություն։ Բայց ես հուսով եմ, որ բոլոր դաշնակցային պարտավորությունները, որոնք կան մեր միջև, և մենք դրանք կարևորում ենք, դրանք, այնուամենայնիվ, ազդեցություն կունենան և կգերակայեն Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ»,- ասել է նա։