Search
Close this search box.

«Բաքվից կապ են հաստատել ու սպառնացել, որ նախագահի ընտրության անցկացման դեպքում կդիմեն ուժի». Սամվել Բաբայան

«Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի հայտարարությունը․ «Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովում Հանրապետության հինգերորդ նախագահ է ընտրվել Սամվել Շահրամանյանը, ինչի կապակցությամբ իմ և իմ ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության անունից շնորհավորում եմ և մաղթում, որ անշեղ հավատարմությամբ իրականացնեք Ձեզ առաջադրած քաղաքական ուժերի նախանշած «կարմիր գծերի» քաղաքականությունը:

Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ երեկ ուշ երեկոյան Հանրապետության նախագահի պաշտոնակատարի և քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում ինձ խնդրել են ձեռնպահ մնալ քաղաքական ակցիայից, քանի որ, ինչպես ինձ փոխանցեցին, Բաքվից կապ են հաստատել իրենց հետ և սպառնացել, որ նախագահի ընտրության անցկացման դեպքում կդիմեն ուժի:

Լիովին վստահ չլինելով, որ ինձ փոխանցվում է ամբողջական տեղեկատվություն, կայացրել եմ ակցիա չանցկացնելու որոշում, որպեսզի հնարավոր անցանկալի զարգացումները չվերագրվեն «Միասնական հայրենիք» կուսակցության «արկածախնդրությանը»։

Համակողմանիորեն գնահատելով ներքին և արտաքին քաղաքական միջավայրը՝ հայտարարում եմ, որ Արցախի ճակատագրի ողջ ծանրությունը հետայսու կրում են օտարերկրա ազդեցությամբ և շահով առաջնորդվող քսաներկու պատգամավորները, նրանց կողմից առաջադրված և ընտրված նախագահն ու այս գործընթացի կնքահայրերը։
«Միասնական հայրենիք» կուսակցությունը, որպես քաղաքական հակակշիռ, իմ ղեկավարությամբ շարունակելու է իրացնել իր ներկայացուցչական մանդատը։ Իսկ դեմքերի և դեպքերի օբյեկտիվ գնահատականը ժամանակն է տալու»։

Please enter a valid URL