Search
Close this search box.

Հաճելի հուշեր ունեմ Ալբերտ Ազարյանի մասին եւ միշտ կպահեմ նրան իմ սրտում․ Ռոբերտ Էմմիյան

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա էր նաեւ Ռոբերտ Էմմիյանը։

Հաճելի հուշեր ունեմ Ալբերտ Ազարյանի մասին եւ միշտ կպահեմ նրան իմ սրտում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը։

«Ինձ համար շատ ցավալի է, որ այսօր հրաժեշտ ենք տալիս Ալբերտ Ազարյանին։ Ես այն երջանիկ մարզիկներից եմ, որ հնարավորություն է ունեցել նրա հետ ծանոթանալու մարզական գործունեության ժամանակ, նրա հետ շփվելու, անցած մարզական ուղին տեսնելու։

Ալբերտ Ազարյանը հզոր անձնավորություն էր, հայրենիքին նվիրված մարդ, հզոր հայ, հայի ճիշտ կերպարը հանրապետությունից դուրս ներկայացնելով։ Պատահական չէ, որ մեզանից յուրաքանչյուրը ամեն տեղ հպարտացել է նրանով, եռակի օլիմպիական չեմպիոնով։ Շնորհակալ եմ սպորտի աշխարհին նրան կյանքի տարիներին մեծարելու եւ այսպես մեծ պատվով ճանապարհելու համար։

Մենք շատ ենք ճանապարհորդել միասին, նրա հետ մասնակցել աշխարհի տարբեր մրցաշարերի։ Երկրաշարժից հետո ես հնարավորություն ունեցա Փարիզում միջոցառում կազմակերպել անվանի 30 հայ մարզիկների մասնակցությամբ, ներկա էր նաեւ Ալբերտ Ազարյանը, Հրանտ Շահինյանը, Վլադիմիր Ենգիբարյանը, Նիկիտա Սիմոնյանը։ Հաճելի հուշեր ունեմ Ալբերտ Ազարյանի մասին եւ միշտ կպահեմ նրան իմ սրտում»,-ասաց Ռոբերտ Էմմիյանը։

Please enter a valid URL