Search
Close this search box.

Արցախում ռազմական դրություն է. ցանկացած հավաք դիտվելու է անօրինական. ԱՀ նախագահի աշխատակազմ

Արցախում ցանկացած հավաք, որը չի համապատասխանում Արցախում հայտըարարված ռազմական դրության մասին նախագահի հրամանագրի պահանջներին, դիտվելու է անօրինական: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի նախագահի աշխատակազմը:
Հայտարարությունում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ,

Հայտնում ենք, որ Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թ. դեկտեմբերի 13-ի «Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների և ժամանակավոր սահմանափակումների մասին» ՆՀ-1792-Ն հրամանագրի 4-րդ կետի համաձայն՝ սահմանափակվում է հավաքների ազատության իրավունքը:

Հավաքներ կազմակերպել թույլտրվում է բացառապես Արցախի Հանրապետության կառավարության կողմից և հետևյալ դեպքերում՝

1) Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերին.
2) Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ցանկացած հավաք, որը չի համապատասխանում սույն հրամանգրի պահանջներին, դիտվելու է անօրինական, և մասնակիցները ենթարկվելու են օրենքով սահմանված պատասխանատվության:

Ուստի, կոչ ենք անում հանրությանը՝ չտրվել սադրանքների լրացուցիչ լարվածությունից ու անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար:

ԱՀ պետական լիազոր մարմինները, իրենց իրավասության շրջանակներում, ձեռնարկելու են բոլոր անհրաժեշտ միջոցները Հանրապետությունում սահմանադրական ու հանրային կարգը պահպանելու և անօրինական գործողություններ թույլ չտալու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ վաղը՝ սեպտեմբերի 9-ին Արցախի ԱԺ-ն հատուկ նիտում նախագահ է ընտրելու: ԱԺ 4 քաղաքական ուժեր առաջադրել են Սամվել Շահրամանյանի թեկնածությունը, իսկ «Միացյալ Հայաստան» խմբակցությունը՝ Սամվել Բաբայանի թեկնածությունը, սակայն վերջինիս դիմումը մերժվել է:

Սամվել Բաբայանը կոչ է արել այդ օրը հավաքվել Ստեփանակերտի հրապարակում եւ թույլ չտալ, որ մի քանի հոգի ԱԺ-ում նախագահ փոխեն: «Եթե Արցախի հասարակությունը ամսի 8-ին ժամը 10-ին դուրս չգա փողոց այս ամբողջը լուծելու, մենք կործանվելու ենք հավերժ, ես դա գիտեմ: Պետք է ժողովուրդը պահանջի: Հանրապետության նախագահին երեք հոգով չեն որոշում ու նշանակում: Ժողովուրդը պետք է դուրս գա, հրապարակում ընտրի իր լիդերին եւ ասի՝ էս մարդն է լինելու նախագահը»,-ասել է Բաբայանը:

Please enter a valid URL