Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակում են հետաքննել 20-ամյա Ֆիդան Ալիեւայի քրեական գործը։
Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ալիեւային մեղադրում են հօգուտ Հայաստանի լրտեսության մեջ։ Նշվում է, որ նա շփվել է հայկական հատուկ ծառայությունների աշխատակցի հետ։ Աղջկան մեղադրում են պետական դավաճանության մեջ։
Մի քանի ամիս առաջ Ֆիդան Ալիեւան կալանավորվել էր Պետական անվտանգության ծառայության կողմից։ Պարզվել է, որ աղջիկը եղել է Լաչինի միջանցքում ֆեյք ակցիայի մասնակիցների թվում։
Հավաստիացվել է, որ Ալիեւան տեղեկություն է ուղարկել, ներառյալ ֆոտո- եւ տեսանյութեր Հայաստանի հատուկ ծառայությունների աշխատակցին, որի հետ ծանոթացել է Telegram մեսենջերով։
Ամբաստանյալն ինքը դա չի ժխտում, բայց պնդում է, որ չի իմացել, որ իր զրուցակիցը հայ է եւ մտածել է, որ նա ռուս է։ Ալիեւայի խոսքով՝ նա այդ մարդու հետ շփվել է բացառապես անձնական նպատակներով, բայց ոչ լրտեսության։
Աղջիկը խոստովանել է, որ իր զրուցակիցը իսկապես իրեն խնդրել է ուղարկել տարբեր լուսանկարներ եւ տեսանյութեր։ Բայց ինքը չի իմացել, թե ինչու էր դա նրան պետք։
Ալիեւան չի պատասխանել այն հարցին, թե ինչու է լուսանկարել եւ տեսանյութեր պատրաստել էկոակտիվիստների մասնակցությամբ։ Դատաքննությունը շարունակվում է։