Search
Close this search box.

«Հրապարակ». Սամվել Բաբայանի վերջին շանսը․ ինչպես կհանգուցալուծվի իրավիճակը Արցախում

«Հրապարակ» թերթը գրում է. Չնայած Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո Արցախում ներքաղաքական իրավիճակը հարաբերականորեն կայունացել է, սակայն ստվերային գործընթացներ են գնում, որոնք կարող են աղետալի հետեւանքներ ունենալ Արցախի համար` քաոս առաջացնել։

Վաղը՝ սեպտեմբերի 9-ին, Արցախի խորհրդարանը, ամենայն հավանականությամբ, նախագահ կընտրի։ Խորհրդարանական բոլոր ուժերի համար կոնսենսուսային թեկնածուն ներկայիս պետնախարար Սամվել Շահրամանյանն է, միայն Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության խորհրդարանական ֆրակցիան չի աջակցում Շահրամանյանին, սակայն սեփական թեկնածու էլ չունեն։ Մեր աղբյուրներն ասում են՝ նրանք  կմասնակցեն նիստին, բայց ո՛չ քվեարկությանը։ «Միասնական հայրենիք» կուսակցությունը նախագահի պաշտոնում տեսնում է Սամվել Բաբայանին, սակայն օրենքն արգելում է նրա առաջադրմանը, քանի որ Բաբայանը վերջին տասը տարում մշտապես չի բնակվել Արցախում։ Ասում են՝ անգամ դատական կարգով են բողոքարկել այս սահմանադրական պահանջը, սակայն՝ ապարդյուն։ 

Այդուհանդերձ, Բաբայանը չի պատրաստվում նեղացած դիտորդի կարգավիճակով հետեւել գործընթացներին եւ այդ մասին հրապարակային հայտարարել է: Ասել է, թե ժողովուրդն իր խոսքը պետք է ասի` Արցախում երեք մարդ չեն կարող նախագահ նշանակել: Նկատի ունի Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին եւ Արայիկ Հարությունյանին։
Տեղեկացրել ենք, որ Բաբայանը պատրաստվում է իր աջակիցներին փողոց հանել, հանրահավաք, անհնազանդության ակցիաներ են քննարկվում, անցած օրերին անգամ մարզերի բնակչության հետ են «իրազեկման» ակցիա արել, որ նախագահի ընտրության օրը լինեն Ստեփանակերտում։ Սամվել Բաբայանը գիտակցում է, որ սա իր վերջին շանսն է` Արցախում որոշակի դերակատարում ստանձնելու, իշխանություն վերցնելու, եւ իր նեղ շրջապատում ասել է, որ եթե չհաջողվի, ապա լքելու է Արցախը՝ իր հետ տանելով մոր գերեզմանը։

Նշենք, որ Բաբայանը նաեւ դաշնակիցներ ունի՝ ի դեմս տեղի հակառուսական տրամադրված անձանց եւ ՀԿ-ների ներկայացուցիչների, այդ թվում` Տիգրան Պետրոսյանի, Արթուր Օսիպյանի, Հայկ Խանումյանի եւ ուրիշների: Պետրոսյանն օրերս անգամ սպառնաց, թե արյուն եք ուզում` կլինի։ Կարճ ասած՝ Արցախում ներքաղաքական իրավիճակի ապակայունացման լուրջ վտանգ կա, որից կարող է Ադրբեջանն օգտվել եւ հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, զորք մտցնել՝ իբրեւ թե կարգուկանոն հաստատելու նպատակով։ 
Նախօրեին Արցախի նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանի հրավիրած խորհրդակցությանը, որին մասնակցել են նաեւ Սամվել Բաբայանի երկու կուսակիցներ` Մարսել Պետրոսյանը՝ խմբակցության ղեկավարը, եւ ԱԺ նախագահի պարտականություններն իրականացնող Գագիկ Բաղունցը, անդրադարձ է կատարվել նաեւ այս թեմային եւ պետության կողմից ձեռնարկվելիք քայլերին։ Պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրին. «Խորհրդակցության մասնակիցներն անդրադարձել են նաեւ առաջիկա ներքաղաքական կարեւոր իրադարձությանը՝ ԱԺ-ի կողմից հանրապետության նախագահի ընտրությանը: ԱՀ նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը շեշտել է ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակում եւ հումանիտար աղետի պայմաններում սահմանադրական գործընթացների անթերի եւ անցնցում կազմակերպման կարեւորությունը»:

Մեր աղբյուրները պատմեցին, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել է նախագահի ընտրության օրը ներքին հնարավոր խժդժությունների հարցը, եւ կոշտ դիրքորոշումներ են եղել: Սակայն` առանց անուններ տալու: Ինչպես նաեւ՝ կարծիքներ են հնչել, որ ներսում քաոս ստեղծելու կողմնակիցների նպատակներն ամբողջությամբ համապատասխանում են Ադրբեջանի նկրտումներին եւ բխում են նրա շահերից, քանի որ Ադրբեջանը եւս ամեն գնով փորձելու է խոչընդոտել ընտրությունները, որպեսզի իրագործի իր երազանքը՝ Արցախի պետական ինստիտուտները լուծարելու վերաբերյալ։ Քանի որ կան որոշակի օպերատիվ տեղեկություններ, որ Ադրբեջանը կարող է օգտվել քաոսից եւ իր սպեցնազը մտցնել Արցախ։ Որքան էլ տարակուսելի է, սակայն ո՛չ Բաղունցը, ո՛չ առավել եւս Մարսել Պետրոսյանը չեն հակադարձել: 

Ուժայինների ղեկավարներն էլ հայտարարել են, որ ամեն քայլ գործադրվելու է, որպեսզի թույլ չտան սահմանադրական կարգի տապալում։ Արցախում թեպետ վստահ են, որ լայն զանգվածներ չեն գնալու Բաբայանի հետեւից, սակայն խնդիրը մարդկանց քանակը չէ, այլ այն գործողությունները, որոնք կարող են քաոս առաջացնել։

Please enter a valid URL