Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցի ժամանակ խոսել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին:
«Արայիկ Հարությունյանի հրաժարականը շատ հրատապ տեղի ունեցավ, դրսից այլ ուժեր վերջնագրով են հետը խոսել, ստիպված էր հեռանալ։ Ես դրա մասին չեմ խոսի, թող ինքը խոսի։ Մենք Արցախում հիմա շատ լուջ խնդիր ունենք՝ ե՛ւ գործադիր, ե՛ւ օրենսդիր մարմինը լեգիտիմ չէ։ Պատերազմից հետո որեւէ մեկը նրանց լուրջ չի վերաբերվում․ զրո վստահություն ունեն ժողովրդի կողմից։ Այս մարդիկ հիմա մի քանի հոգով պիտի նախագահ ընտրեն։ Ես առաջարկել եմ՝ հաշվի առնել 2020 թ․ ընտրությունների արդյունքները եւ հնարավորություն տալ 2-րդ փուլ անցած թեկնածուին՝ Մասիս Մայիլյանին։ Նա տրամաբանական թեկնածու է։ Ցանկացած այլ անձի ընտրության դեպքում Արցախում հայի արյուն կթափվի։
Սամվել Շահրամանյանին լոբբինգ են անում Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը։ Մեր պատգամավորները միշտ էլ անսկզբունքային են եղել, մենակ թե աթոռին վեր ընկած լինեն։ Ես Ձեզ հավատացնում եմ՝ բանը հասնելու է քաղաքացիական պատերազմի»,-նշել է Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության 98-րդ հոդվածի համաձայն՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով: Հարությունյանը հրաժարական տալու որոշման մասին հայտարարել էր օգոստոսի 31-ին։
Նշենք, որ Արցախի նախագահի ընտրությունը սեպտեմբերի 8-ին է:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: