Հայաստանի և Ադրբեջանի միջև չդադարող լարվածության և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի սրման ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ բանագնաց Իգոր Խովաևը ժամանել է Բաքու:
Ռուս պաշտոնյային Բաքվում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, չհրապարակելով մանրամասներ, հաղորդում է միայն, որ կողմերը քննարկել են Աղդամի և Լաչինի (միջանցքի – խմբ․) ճանապարհների բացման հարցը։ Ըստ աղբյուրի՝ Ալիեւը կրկին դժգոհել է, որ Ղարաբաղի հայերը մերժում են ադրբեջանական կողմի հրավերը՝ հանդիպում անցկացնել Բաքվում կամ Ադրբեջանի այլ քաղաքներում՝ «վերաինտեգրման» հետ կապված հարցերը քննարկելու համար։
Ըստ Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայության՝ Խովաևն իր հերթին ասել է, որ Ռուսաստանը կշարունակի ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմանը։
ՌԴ հատուկ ներկայացուցչի՝ Ադրբեջան այցի նպատակի մասին որոշ մանրամասներ է հայտնել Ռուսաստանի պետական կառույցներում, կարգավորման թեմայի մեջ խորասուզված զրուցակիցը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին։
Հրապարակումը հիշեցնում է, որ անցած շաբաթ ՌԴ հատուկ բանագնացն այցելել է Երևան, որտեղ նրան ընդունել են Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը, ով այդ ժամանակ ԱԳ նախարարի պաշտոնակատարն էր, և Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ըստ «Կոմերսանտ»-ի՝ ռուս դիվանագետը հանդիպել է նաև Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանի հետ։
«Մոսկվան փորձում է հաշտեցնել անհաշտ հակառակորդներին մաքոքային դիվանագիտության միջոցով, որպեսզի առաջին հերթին լուծի հումանիտար սուր ճգնաժամը, որում հայտնվել է Ղարաբաղը, որպեսզի սննդամթերքը, դեղորայքը և մնացած ամեն ինչ սկսեն մատակարարվել տարածաշրջան»,- գրում է ռուսական լրատվամիջոցը։
Հոդվածի հեղինակը նշում է, որ Խովաևի առաքելության հաջողությունը երաշխավորված չէ։ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները վատթարանում են ամեն օր, ամեն ասված բառով։
«Հայաստանի և Ղարաբաղի հայերի համար Լաչինով տարածաշրջանի մատակարարումը առանցքային պահ է,- նշում է ռուսաստանցի անանուն պաշտոնյան «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում և ընդգծում. «Կարևոր է, որ Ղարաբաղում պահպանվի Ադրբեջանից անջատ կյանքը։ Իսկ Բաքվին անհրաժեշտ է դա «կասեցնել և անցնել ներադրբեջանական երթուղով (Աղդամով) մատակարարումներին։ Դա կհեշտացնի ինտեգրումը, կզրկի Ստեփանակերտին իրեն պահելու հնարավորությունից։ Այս դեպքում ամեն ինչ կախված կլինի միայն Ադրբեջանից»։
Ըստ թերթի զրուցակցի՝ Մոսկվան փորձում է հայկական կողմին համոզել ընդունել Լավրովի սխեման, ըստ որի՝ «Աղդամի երթուղին բացվում է, իսկ մեկ օրից սկսում է աշխատել նաև Լաչինը»։
Ռուս պաշտոնյան նշել է, որ Ալիևի վարչակազմը կտրականապես մերժում է Ղարաբաղի հարցի միջազգայնացումը, քանի որ մտավախություն ունի, որ ամեն ինչ կվերադառնա նախապատերազմական տասնամյակներով դանդաղ ընթացող բանակցություններին։
«Սա պետք է Փաշինյանին, որպեսզի նա ասի՝ ես այս պատմությունը փոխանցեցի միջազգայնականներին և ողջ պատասխանատվությունն իմ վրայից գցեցի», — մեջբերում է թերթը զրուցակցի խոսքերը։
Վերջինս կրկնել է պաշտոնական Մոսկվայի այն պնդումը, թե արևմտյան երկրները փորձում են իրենց ձեռքը վերցնել հայ-ադրբեջանական գործընթացներում նախաձեռնությունը՝ առաջարկելով զուգահեռ ձևաչափեր, սակայն, նրա խոսքով, «չնայած բոլոր դժվարություններին, Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում շատ դրամատիկականացնելու կարիք չկա»։
«Առայժմ դիրքերն ամուր են։ Ռուսաստանը միակ երկիրն է, որի հետ Ադրբեջանը երկխոսություն կվարի։ Իսկ մեկ ուրիշի ներկայությունը Բաքուն չի պատրաստվում թույլ տալ։ Կանգնած է իր դիրքերում»,- «Կոմերսանտ»-ին ասել է աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ: