Search
Close this search box.

«Զավեշտ է, որ այն միավորը, որը պետք է պաշտպանի արցախցիներին, այսօր արցախցիներին բլոկադայի մեջ է պահում». Ալեն Սիմոնյան

Դա աճպարարություն է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով պաշտոնական Մոսկվայի կողմից հնչող հայտարարություններին, թե անընդունելի է, որ Հայաստանը ՌԴ-ի հասցեին մեղադրանքներ է հնչեցնում այն դեպքում, երբ ինքը ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի մաս:

«Այսինքն այն, որ նոյեմբերի 9-ին հայտարարություն ենք ստորագրել, դա հեչ, այն, որ մենք 1991-ից սկսած, Ալմաթիի հռչակագրից սկսած, որտեղ Ռուսաստանը նույնպես անդամ է, միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք, դա էսօր հաշիվ դառա՞վ: Ո՞ւմ են իրենք ուզում էշի տեղ դնել: Եթե իրենք իրենց շրջապատին, ապա դա ստացվելու է ամենայն հավանականությամբ, իսկ հայ ժողովրդին չի կարելի փորձել խաբել, կամ համարել, որ հայ ժողովուրդը դա չի հասկանում:

Ունենք նոյեմբերի 9-ի համաձայնագիր Պուտինի ստորագրությամբ, որտեղ գրված է, որ Լաչինի միջանցքը 5 կմ լայնությամբ գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության տակ: Ադրբեջանը արհամարհելով ռուսական կողմին, բազմիցս քայլեր է արել ՌԴ խաղաղապահի զորքերի նկատմամբ: Եթե այդքան Ռուսաստանը պահանջատեր է, ես կարծում եմ՝ ԱԳՆ ներկայացուցիչները թող համարձակություն ունենան, հլը մի ադրբեջանցի գործընկերներին պատասխանեն, եթե իրոք իրենց հետ չեն համագործակցում, որը ես չեմ բացառում»,-հայտարարել է ԱԺ նախագահը:

Նա հիշեցրել է, որ 2020-ի նոյեմբերի 17-ին ՌԴ նախագահ Պուտինը բառացի հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը եւ հարակից տարածքները միջազգային իրավունքի առումով եղել են, կան եւ կլինեն Ադրբեջանի տարածքը. «Թող նայեն այդ հարցազրույցը եւ պատասխանեն մի հարցի՝ ո՞վ է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում: Այն, որ այնտեղ իրենց զինվորները չեն կարողանում ոչ մի բան անեն լավագույն դեպքում, դրա մասին չեն խոսում:

Թող մեր գործընկերները հասկանան, որ գուցե կարող են իրենց ժողովրդին ինչ-որ ժամանակ պրոպագանդայով խաբել, բայց մեր ժողովրդին իրենք չեն կարողանալու խաբել:

Զավեշտ է, որ այն միավորը, որը պետք է պաշտպանի արցախցիներին, այսօր արցախցիներին բլոկադայի մեջ է պահում: Ու ասում են՝ գիտեք, դուք էնտեղ մի տեղ ոնց-որ բանավոր ասել եք, որ ճանաչում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դրա համար մենք չենք կարողանում ոչ մի բան անել:

Այո, Ռուսաստանն իր անգործությամբ բլոկադայի մեջ է պահում Լեռնային Ղարաբաղը: Եթե իրենց երկրի շահերին պետք է լինում, իրենք նույնիսկ այնտեղ, որ ընդհանրապես դեսպանատուն էլ չկա, իրենք կարող են իրենց գործողություններն անել: Թող ազնիվ լինեն, ասեն՝ չենք կարողանում, չունենք այդ ուժը: Իրենց կարծիքը իրենց իմպերիայի մասին, իրենց վատություն է անում այսօր»,-հայտարարել է Ալեն Սիմոնյանը:

Please enter a valid URL