Search
Close this search box.

Ռուսաստանը այս տարածաշրջանի անբաժանելի մասն է, ուստի չի կարող հեռանալ Հայաստանից. Պեսկովը պատասխանել է Փաշինյանին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը գնահատում է Հայաստանի հետ կառուցողական հարաբերությունները, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռուս խաղաղապահների առաքելության ձախողման մասին թեզերի հետ հնարավոր չէ համաձայնել:

Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հիշեցնելով, որ ավելի վաղ Փաշինյանը հարցազրույց էր տվել իտալական La Repubblica թերթին, որում, մասնավորապես, անդրադարձել էր տարածաշրջանից Ռուսաստանի հեռանալու հավանականությանը:

«Ռուսաստանը միանգամայն այս տարածաշրջանի անբաժանելի մասն է, ուստի չի կարող որևէ տեղ հեռանալ, Ռուսաստանը չի կարող հեռանալ Հայաստանից»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Նա հորդորել է չմոռանալ, որ «Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում», որոնց մեծ մասը Ռուսաստանի Դաշնության հայրենասեր քաղաքացիներ են և արժանի ավանդ ունեն երկրի զարգացման գործում։

Հիշեցնենք, որ նախօրեին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ՌԴ դիվանագիտական աղբյուրը հայտնել էր, որ Փաշինյանի` իտալական La Repubblica պարբերականի լրագրողի հետ հարցազրույցում Ռուսաստանի մասին արված հայտարարություններն իրենց տոնով անընդունելի են, Մոսկվայում դրանցից չափազանց դժգոհ են։

«Մոսկվայում չափազանց դժգոհ են Հայաստանի ղեկավարության վերջին հրապարակային հայտարարություններից, այդ թվում՝ իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետի հայտարարություններից, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ-ի՝ օգոստոսի 31-ի մեկնաբանությունից: Մոսկվայում դրանք գնահատում են իրենց տոնով և բովանդակությամբ անընդունելի՝ սեփական սխալ հաշվարկների և սխալների պատասխանատվությունը Ռուսաստանի վրա դնելու նկատառումով»,- ասել էր ՏԱՍՍ-ի զրուցակիցը։

Ռուսաստանը՝ որպես Հայաստանի ամենամոտ բարեկամ և հարևան, չի պատրաստվում լքել հարավկովկասյան տարածաշրջանը, սակայն Երևանը չպետք է Արևմուտքի գործիքը դառնա Ռուսաստանի Դաշնությանը դուրս մղելու համար, ասել էր աղբյուրը։

«Իրականում նրանք փորձում են արհեստականորեն դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից՝ Երևանին օգտագործելով որպես այդ նպատակին հասնելու միջոց: Ռուսաստանը՝ որպես Հայաստանի ամենամոտ հարևան և բարեկամ, մտադիր չէ հեռանալ տարածաշրջանից։ Այնուամենայնիվ, սա պետք է լինի երկկողմանի ճանապարհ: Հայաստանը նաև չպետք է Արևմուտքի գործիքը դառնա Ռուսաստանին դուրս մղելու համար»,- ասել էր աղբյուրը։

Please enter a valid URL