«Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին շարունակվում է հերթապահությունը, մենք կանգնած ենք և հաստատակամ` մեր որոշման մեջ», «Հրապարակի» հետ զրույցում ասաց արցախցի քաղաքագետ Հովիկ Ավանեսովը, ով նույնպես հերթապահություն իրականացնողների մեջ է։ «Պարբերաբար տարբեր բնակավայրերից, անգամ բավական հեռու գտնվող, մարդիկ հեծանիվներով գալիս մեզ են միանում, մեզ հետ հերթապահություն իրականացնում»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է ադրբեջանցիներին, ապա Ավանեսովը տեղեկացրեց, վերջիններս մոտ 21 վրան են տեղադրել, իսկ չակերտավոր կամավորների թիվը տատանվում է 150-200-ի միջակայքում։ Իսկ սեպտեմբերի 2-ին հերթապահություն իրականացնող արցախցիները Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին Արցախի դրոշ են բարձրացրել․ դրոշը տեղադրվել է հենց հերթապահության տարածքում։
Մեր զրուցակիցն ասում է, որ ադրբեջանցիները վերևից անընդհատ տեսանկարում են իրենց, վերահսկում են այն հատվածը, որտեղ արցախցիները հերթապահություն են իրականացնում և դրա արդյունքում հերթապահություն իրականացնողներից մեկին ինդենտիֆիկացրել են և հետախուզում հայտարարել նրա նկատմամբ։ Ի դեպ, Ավանեսովն ու իր ընկերները ևս տեսանյութերի ու լուսանկարների միջոցով իդենտիֆիկացրել են մի շարք ադրբեջանցիների, որոնք ամիսներ առաջ փակել էին Բերձորի միջանցքը, հիմա էլ Ակնայի հատվածում են։
«Ադրբեջանցիները պարբերաբար անօդաչուների միջոցով նկարահանումներ են իրականացնում` թե երեկոյան, թե երեկ գիշերը, ընդ որում։ Թե տեսագրում են, թե ֆոտոներ են անում, իսկ տվյալ միջադեպը, երբ որ եղավ, մեր հայրենակիցներից մեկի նկատմամբ, հնարավոր է եղել նույնականացնել այն ժամանակ, երբ վերջինս ընդամենը հերթապահություն իրականացնողներից որոշակի հեռավորության վրա գտնվող Ասկերան բնակավայրի ցուցանակի մոտ կանգնել ու ուղիղ եթեր է մտել՝ այնտեղից ներկայացնելով իրավիճակը։ Հենց այդ ուղիղ եթերի միջոցով են նույնականացրել»,-ասաց վերջինս։
Նա բացատրեց, որ հենց դա է պատճառը, որ իրենք հորդորել են լրատվամիջոցներում աշխատող գործընկերներին ու բոլոր այն մարդկանց, ովքեր ուղիղ եթերներ են վարում, «պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները»,-եզրափակեց արցախցի քաղաքագետը։